
ՀՀ քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի կողմից ներկայացված հայցադիմումներն ընդդեմ «Երկիր» խմբագրություն» ՍՊԸ-ի։ Հիշեցնենք, որ Սիմոնյանն ու Հակոբյանը դատի են տվել դաշնակցական կայքին՝ հրապարակված «ՀեղաՓՈՂականները. Ալեն Սիմոնյան», «ՀեղաՓՈՂականները․Հրաչյա Հակոբյան» վերնագրով տեսանյութերում առկա զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու պահանջով։ Հայցվոր Ալեն Սիմոնյանը դատարանից խնդրել է նաև հօգուտ իրեն հիշյալ ՍՊԸ-ից բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես հրապարակված զրպարտության համար նախատեսված փոխհատուցում: Ինչպես նաև բռնագանձել 410 000 (չորս հարյուր տասը հազար) ՀՀ դրամ՝ դատական ծախսերի համար, որից 360 000 (երեք հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար:
Հրաչյա Հակոբյանն էլ պահանջել է հօգուտ իրեն բռնագանձել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ նյութական փոխհատուցում: Դատական նիստերի օրվա նշանակման վերաբերյալ առայժմ տեղեկություն հրապարակված չէ «Դատալեքս» տեղեկատվական հարթակում։ Ա․Սիմոնյանի գործով դատավորը Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանն է, Հ․Հակոբյանի գործով՝ Կիմա Արզումանյանը։
Աղբյուր՝ civic.am