Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը՝ սեպտեմբերի 13-ը, նշանավորվեց Կովկասյան ազնվացեղ եղջերուների բնություն բացթողմամբ:
Այսօր ազատ բնություն բաց թողնվեց «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը` թվով 10 եղջերու:
2013 թվականից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում 2018 թվականին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել 14 առանձնյակ։ Եղջերուները տեղափոխվել են «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել էր բազմացման կենտրոնը։ Վերոնշյալ ծրագրի նպատակն է այս կենդանատեսակի վերադարձը Հայաստանի բնություն, որը վերջին տարիներին վերջնականապես ոչնչացված է եղել:
2022թ․ հոկտեմբերին «Դիլիջան» ազգային պարկի տարածքից, որպես փորձնական խումբ՝ ազատ են արձակվել թվով 3 եղջերու:
«2013 թվականից ի վեր մենք հանձն ենք առել այս կարևոր գործը, եղջերուների վերջին գրանցումները եղել են 1950-ական թվականներին, ինչից հետո տեսակը մեր բնություն մեջ իսպառ վերացել էր, ուստի մեր նպատակն է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը կրկին համալրվի ազնվացեղ եղջերուներով»,- ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանը:
Աղասյանը հորդորեց ազատ բնության գրկում կենդանիներին հանդիպելիս չվնասել նրանց և խուճապի չմատնել, քանի որ կենդանիները նախահարձակ չեն լինում:
«Մենք ունենք համաձայնագիր Վրաստանի կենդանաբանական այգու հետ և նախատեսվում է մինչև տարեվերջ թվով 1 ազնվացեղ եղջերուի ներմուծում Վրաստանի Հանրապետությունից: 2 տարի առաջ 2 եղջերու ենք տրամադրել իրենց և նախատեսում ենք 1 եղջերու փոխադրել Հայաստան»,- նշեց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանը:
Կենտրոնում կա 44 եղջերու, որոնցից տասն այսօր ազատ արձակվեցին բնություն:
Եղջերուներն ունեն ռադիո վզկապներ, որոնցով հսկվում է նրանց տեղաշարժը, անկում նկատվելու պարագայում մասնագետները կտեղեկանան և օգնություն կցուցաբերեն կենդանիներին: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն էլ իր ելույթում անդրադարձավ կենսաբազմազանության վերականգնման կարևորությանը.
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կենսաբազմազանության խախտված հավասարակշռության վերականգնումը մեր առաջնային խնդիրն է, և այսօրվա միջոցառումը դրան հասնելու քայլերից մեկն է: Կենսաբազմազանությունը բնական ժառանգություն է, որն անհրաժեշտ է պահպանել և փոխանցել ապագա սերունդներին: Հորդորում եմ զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել Հայաստանի կենդանական աշխարհը։ Հայաստանի կարմիրգրքյան կենդանատեսակների պահպանության համար պատասխանատու ենք բոլորս։ Պետք է գիտակից ու սրտացավ վարք դրսևորենք բնության հետ շփման ժամանակ»:
Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նաև հավելեց, որ կարևորում են ծրագիրը և Հայաստանում փորձ է կատարվում մշակույթ ձևավորել, որպեսզի «շարժվենք դեպի կենսաբազմազանության վերականգնման ուղղությամբ, ինչը ապահովելու է բոլորի կյանքի որակը»:
Ապագայում նախատեսվում է տարեկան 5-10 առանձնյակի բնություն արձակում։
Սիլվի Պետրոսյան