Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը սեպտեմբերի 22-ից 27-ը ուղեկցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ կատարած այցի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում են «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից, նյույորքյան այցի ընթացքում Աննա Հակոբյանը, «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, մի շարք այցեր ու հանդիպումներ է ունեցել, որոնց ընթացքում ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը։
Սեպտեմբերի 22-ին, Աննա Հակոբյանը մասնակցել է «Women Political Leaders» համաշխարհային ցանցի՝ «Երկխոսության ձևավորում ՄԱԿ 79-րդ Գլխավոր ասամբլեայում» խորագրով ֆորումի՝ «Ներկայացուցչությունը կարևոր է» ամենամյա ընդունելությանը։ Աննա Հակոբյանը և Թալին Թօփալաքեանը ընդունելության ընթացքում մի շարք կարճ շփումներ են ունեցել տարբեր երկրներից ժամանած կին քաղաքական գործիչների, տարբեր միջազգային կառույցների ղեկավարների հետ, փոխանակվել են տպավորություններով։
Սեպտեմբերի 23-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ուկրաինայի առաջին տիկնոջ՝ Օլենա Զելենսկայայի հրավերով ներկա է եղել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Securing the Future for Children: Addressing new challenges for Soft Power» խորագրով գագաթնաժողովին։
Սեպտեմբերի 24-ին Աննա Հակոբյանն ու Թալին Թօփալաքեանը նախ Նյու Ջերսիում ՄԱԿ «Unchained At Last» կազմակերպության համակարգող Հուրի Գեդելեկյանի հրավերով ջերմ հանդիպում են ունեցել ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն ծավալող հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նույն օրը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մշակութային կցորդ և Սփյուռքում հայ համայնքի ակտիվ անդամ Շողակ Հովհաննիսյանն ընթրիքի սեղանի շուրջ է հավաքել հայ համայնքի 40 ներկայացուցիչների։
Երկու հանդիպումների ժամանակ Աննա Հակոբյանն ու Թալին Թօփալաքեանը բոլորին ծանոթացրել են «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի առաքելությանը, գործունեությանը, ընթացիկ ծրագրերին։ Ջերմ և մտերմիկ միջավայրում ներկաները բարձրաձայնել են նաև իրենց հուզող հարցերը։ Աննա Հակոբյանը լսել է բոլորին, անկեղծ ու անմիջական պատասխանել հարցերին:
«Շատ ջերմ ընդունելության արժանացանք, իրականացվող ու դեռ մշակման փուլում գտնվող ծրագրերը ամերիակահայերի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեցին։ Բոլորը դրական գնահատեցին հիմնադրամի գործունեությունը և առաջիկայում գործակցելու պատրաստակամություն հայտնեցին։ Մենք պարզեցինք, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից շատերը մանրամասն չգիտեին մեր ծրագրերի մասին։ Աննա Հակոբյանը ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է ԱՄՆ ճանաչողական այցեր կազմակերպելու հնարավորությունը, որոնց ընթացքում «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալ ամերիկյան մշակույթին և մասնակցել վերապատրաստման տարբեր դասընթացների»,- ասել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Ըստ աղբյուրի՝ չնայած որ հանդիպումները զուտ գործունեությունը ներկայացնելու բնույթ էն կրել, բոլորը, տպավորված լինելով հիմնադրամի գործունեությամբ, նվիրատվություն են կատարել՝ շեշտել է Թալին Թօփալաքեանը։
«Մենք կարողացանք ամբողջ գործունեությունը ներկայացնել մեր հայրենակիցներին և այդ ջերմ ընդունելությունը մեզ ավելի է մոտիվացնում մեծ եռանդով աշխատելու և ավարտին հասցնելու կամ կյանքի կոչելու բոլոր ծրագրերը։ Առ այսօր մենք ԱՄՆ-ից արձագանքներ ենք ստանում և հայ համայնքի ներկայացուցիչներից, անգամ այն մարդկանցից, որոնք ներկա չեն եղել հանդիպմանը, կապվում են մեզ հետ և մեր ծրագրերի մասին տեղեկություն են խնդրում, որպեսզի խորքային ծանոթանան և աջակցեն հիմնադրամին»,- ընդգծել է «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրենը։
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում Աննա Հակոբյանը մասնակցել է ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի անունից ընդունելությանը։ Վարչապետի տիկինը կարճ շփումներ է ունեցել այլ երկրների առաջին տիկինների հետ, որոնք կիսվել են իրենց գործունեության մասին տեղեկատվությամբ: