Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում, Ռիա Նովոստի-ին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Կազանում միության 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին մասնակցելու Պուտինի անձնական հրավերի ընդունումն ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։
«Կարծում եմ, որ մեր ղեկավարները շփման հնարավորություններ կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով կախված կլինի այս միջազգային ֆորումի ծրագրից, որը կլինի շատ ինտենսիվ»,- նշել է Կոպիրկինը:
Նա շեշտել է նաև, որ ռուսական կողմը կարող է օգնել Երևանին, եթե ասոցիացիայի հետ երկխոսություն սկսելու որոշում հասունանա։
«Հայաստանի համար առավելությունների մասին խոսում է ԲՐԻԿՍ-ի ընտանիքում հանրապետության այնպիսի առանցքային գործընկերների՝ Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը։ Պակաս կարևոր չէ, որ հարևան Ադրբեջանն ու Թուրքիան դիմումներ են ներկայացրել՝ միանալու ասոցիացիային։ Որպեսզի ամփոփենք այս պատկերը, ապա ակնհայտ է, որ Հայաստանը լուրջ գրավչություն է ստանալու երկխոսության և համագործակցության այս արագ զարգացող գլոբալ հարթակից»,- ասել է դեսպանը։