![](https://araratnews.am/admin/images/1739441632.png)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների դիրքորոշումը ՀՀ կառավարության համար կարևոր է, և մեր պետական ինտեգրացիոն մարմինների անդամակցության կամ դրա դադարեցման կարգը Սահմանադրությամբ սահմանված է, որ պետք է տեղի ունենա հանրաքվեի միջոցով: Երբ խնդիրը հասնի այդ փուլին, մեր բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկության միջոցով իրենց կարծիքը կամ կամքը արտահայտելու: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Եվրամիությանը ՀՀ անդամակցության գործընթացին:
Հարցին՝ «Դա Ռուսաստանի դեմ ուղղված գործընթա՞ց է», նա պատասխանեց. «Մեզ համար էական է ՀՀ պետական շահը, անվտանգությունը, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պահպանումը, և այս համատեքստում այն նախաձեռնությունը, որը քաղաքացիական հասարակության և մի շարք քաղաքական կուսակցությունների կողմից նախաձեռնվել էր, ՀՀ կառավարությունը համարել է դրական:
ՀՀ քայլերն ուղղված չեն որևէ գործընկերոջ դեմ: Մենք ունենք և շարունակում ենք մեր երկխոսությունները բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ-ի: Ընդամենը շաբաթներ առաջ ԱԳ նախարարը նաև հյուրընկալվել էր աշխատանքային այցով Մոսկվայում և նախարար Լավրովի հետ բավականին կառուցողական քննարկումներ են ունեցել»,- նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան, ապա Կոստանյանը նշեց, որ այս պահին օրակարգում նման բան չկա: