
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար: Այս մասին ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Ինչպես փոխանցում է ShantNews.am-ը, վերջինս կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կանգնել երկխոսության ուղու վրա, որը տանում է դեպի տարածաշրջանային խաղաղություն, կայունություն և բարգավաճում:
«Գլխավոր քարտուղարն ընդգծում է, որ ՄԱԿ-ը պատրաստ է բավարարել հումանիտար կարիքները հակամարտությունից տուժած բոլոր շրջաններում և համապատասխան հարցում ստանալու դեպքում ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի օգնությունը»,- նշել է Դյուժարիկը՝ հավելելով, որ նա կոչ է անում իրավիճակի վրա ազդող բոլոր կողմերին լիարժեքորեն համագործակցել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ նրանց անարգել մուտքի հնարավորություն ընձեռելու համար:
Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և կոչ արել «բոլոր կողմերին շարունակել կատարել դրա դրույթները, ինչպես նաև նրանց միջազգային պարտավորությունները, հատկապես միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պահպանման ոլորտում»: