
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարը պահանջել է Ադրբեջանում կամայականորեն պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակումը: Այս մասին տեղեկանում ենք Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության՝ Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակին կից մշտական ներկայացուցչությունից։
Մարտի 3-ին, Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած իր համապարփակ զեկույցում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ ազգությամբ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ «նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն»։
Բարձր հանձնակատարն ընդգծել է նաև, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք «կհանգեցնեն ճշմարտության բացահայտման, ապաքինման և հաշտեցման գործընթացին», որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը բերել։