Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։

Կոմիտեի ղեկավարը կոմիտեի պատասխանատուների հետ այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ իրականացվում է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագիրը։ Ավարտական փուլում են պոլիկլինիկայի, դիահերձարանի, կաթսայատան, պոմպակայանի և ջրամբարների, ինչպես նաև արտաքին ինժեներական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:

Հաջորդ կանգառն Արարատի մարզում էր, որտեղ վերակառուցվում է Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկան։ Իրականացվում են ներքին հարդարման, ներքին և արտաքին ինժեներական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:

Երևանում կոմիտեի նախագահը դիտարկել է դպրոցների մարզադահլիճների վերակառուցման ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները, մասնավորապես՝ Երևանի Ա. Երզնկյանի անվան N118 ավագ դպրոցի, Սիլվա Կապուտիկյանի անվան N145, Վ. Թեքեյանի անվան N92 և Մ. Սարյանի անվան N86 հիմնական դպրոցների մարզադահլիճներում։

Վերջին կանգառը Հեծանվային սպորտի ու Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի շինհրապարակում էր։ Ծրագրի շրջանակում կառուցվել է 2 մասնաշենք՝ մեկը՝ գեղարվեստական մարմնամարզության, մյուսը՝ հեծանվային սպորտի համար նախատեսված: Մարզադպրոցի պարագծով տեղակայվելու է հեծանվային վազքուղին: Այժմ ընթանում են ներքին և արտաքին հարդարման, տարածքի բարեկարգման աշխատանքները:

Եղիազար Վարդանյանը կապալառու և նախագծային կազմակերպությունների, ինչպես նաև կոմիտեի գլխավոր քարտուղարի ու մասնագիտական ստորաբաժանման ներկայացուցիչների հետ քննարկել է ծրագրերի իրագործման տեմպերը, կատարված աշխատանքների համապատասխանությունը սահմանված չափանիշներին։ Նա ընդգծել է, որ շինարարական մեծածավալ ծրագրերի հիմքում հստակ պահանջ է դրված՝ կիրառել ժամանակակից տեխնոլոգիաներ, լավագույն շինարարական նյութեր, խստորեն պահպանել նորմերը, իսկ շինհրապարակներում՝ աշխատանքային պատշաճ միջավայրը, հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից:

 

184