
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պետք է այցելել նախարարության պաշտոնական կայք, որտեղ կա «սոցիալական կրեդիտ» անվանմամբ առանձին բաժին, որի ներքո տեղադրված են մեր բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների տվյալները՝ բաժանված ըստ մարզերի։ Այդտեղ կարող են տեսնել՝ այդ կազմակերպությունը, որի կրթական ծրագրին մասնակցում են, հանդիսանու՞մ է սոցիալական կրեդիտից օգտվելու համար ծրագրեր իրականացնող կազմակերպություն։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին՝ ինչպե՞ս կարող են քաղաքացիները վստահ լինել, որ կրթական ծրագիրը, որին դիմում են, երաշխավորված է, և սոցիալական կրեդիտի հնարավորություն կստանան։
«Այս պահին արդեն 110-ից ավել երաշխատավորված ծրագիր կա, ծրագրերի ցանկն անընդհատ թարմացվում է»,–հավելեց նախարարը։
Հարցին, թե մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիները ինչպես կարող են դիմել երաշխավորման համար և ստեղծել կրթական ծրագրեր, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց.
«Այս նույն բաժնում մենք ունենք նաև ուղեցույց և հովովակ՝ երաշխավորման դիմելու ընթացակարգի և կանոնների մասին։ Պետք է ասեմ, որ արդեն այսօր մենք e-draft հարթակում տեղադրել ենք երաշխավորման կարգի վերանայված տարբերակը, որով ավելի պարզ ընթացակարգ ենք նախատեսում՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար՝ դիմելու և երաշխավորելու իրենց ծրագրերը»։
Հարցին, թե այն քաղաքացիները, որոնք չունեն իրենց մասնագիտությունը հավաստող փաստաթղթեր, ինչպես կարող են ստեղծել կրթական ծրագրեր և հետ ստանալ սոցիալական կրեդիտները, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց.
«Երկու ճանապարհ կարող եմ առաջարկել. մենք կրթության մասին օրենքով փոփոխություններ ենք իրականացրել, ոչ ֆորմալ կրթության ճանաչման գործընթաց ենք նախատեսում մեկնարկել, սակայն սա, իհարկե, որոշակի ժամանակ է պահանջելու։ Երկրորդ ճանապարհը՝ փաստացի հավաստման գործընթաց անցնելն է, այնուհետև այդ վկայականով կկարողանա մասնակցել գործընթացների։ Երկրորդ ճանապարհը որևէ կազմակերպության մեջ ներառվելն է»։