
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 7-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այդ մասին հայտնում են Ազգային ժողովից:
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է` Հայաստանի և Բրազիլիայի միջև աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջև ամուր բարեկամության հաստատմանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ երկու երկրների միջև հաստատվել են հարգանքի և փոխվստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: «Մենք կարևորում ենք քաղաքական և տնտեսական առումներով աշխարհի առաջատար երկրներից մեկի` Բրազիլիայի հետ բազմաբնույթ կապերի զարգացումը»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը` հավելելով, որ երկու պետություններում մշտական դեսպանությունները կարևոր դեր են խաղում կապերի ամրապնդման գործում:
Խոսելով միջխորհրդարանական համագործակցության խորացումից` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ այդ հարցում նշանակալի է բարեկամական խմբերի դերակատարությունը: Այս համատեքստում կողմերը կարևորել են խորհրդարանականների հաճախակի փոխայցերը:
Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում արժևորելով նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ այն կարող է ամուր հիմք հանդիսանալ սերտ առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար:
«Հայաստանը շահագրգռված է նաև կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի, զբոսաշրջության, սոցիալական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացմամբ»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը` կարծիք հայտնելով, որ այդ բնագավառներում գործակցությունն ընդլայնելու զգալի ներուժ կա:
Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկու երկրների արդյունավետ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում:
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, մարտահրավերներին` ԱԺ փոխխոսնակը նշել է, որ մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է:
Հանդիպմանը ներկա ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի անդամ, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին` ընդգծելով, որ ծրագրի նպատակն է զարգացնել տարածաշրջանային հաղորդակցությունները` հիմնված ինքնիշխանության, փոխադարձության և իրավահավասարության սկզբունքների վրա:
Հայ խորհրդարանականներն անդրադարձել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, բարձրաձայնել Ադրբեջանում գտնվող հայ գերիների և պահվող այլ անձանց հարցը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆաբիո Վազ Պիտալուգան կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության խորացման նպատակով համատեղ նախագծերի իրականացումը: