

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երևանում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով և պատասխանել են լրագրողների հարցերին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հայտարարությունը.
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին` Գերմանիայի դաշնային նախագահի՝ Հայաստան առաջին պաշտոնական այցի կապակցությամբ: Ձեր այս այցը Հայաստան ևս մեկ ապացույց է ինչպես երկու ժողովուրդների բարեկամության, այնպես էլ՝ Հայաստան-Գերմանիա համագործակցության կարևորության հավաստման համատեքստում:
Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկելու տարբեր բնագավառներում հայ-գերմանական ներկա համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել փոխադարձ համագործակցության հեռանկարային այլ ուղղություններ:
Հանդիպմանը անդրադարձ կատարեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առանցքային հարցերին: Քննարկեցինք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները: Գոհունակությամբ արձանագրել ենք, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում:
Բարձր ենք գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին` խթանելու կայուն տնտեսական և սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում, ներառյալ կրթությունը, վերականգնվող էներգիան, ենթակառուցվածքները: Երախտագիտությունս եմ հայտնել նաև Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Գերմանիայի երկարամյա աջակցության համար:
Քննարկեցինք նաև Հայաստանի խորացող գործընկերությունը Եվրոպական միության հետ՝ այս համատեքստում ընդգծելով Գերմանիայի դերի կարևորությունը:
Անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերին՝ շեշտելով առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և բոլոր երկրների կողմից միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավահավասարության սկզբունքների հարգման վրա:
Կարևորել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողական աջակցությունը:
Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը և այս համատեքստում «Խաղաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել խորը և բովանդակալից քննարկման, ինչպես նաև Հայաստանի հետ Գերմանիայի բարեկամության ամրապնդմանը Ձեր աջակցության համար»: