
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թելլեֆ Ինգե Մյորլանդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Թելլեֆ Ինգե Մյորլանդն ընդգծել է տևական խաղաղության համաձայնագրի կնքման կարևորագույն դերը տարածաշրջանում կայունության և բարգավաճման ապահովման գործում: Նա նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ, բայց միայն կառուցողական երկխոսության և խաղաղության հանձնառության շնորհիվ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել:
ՀՀ ԱԺ պատվիրակությունը հրավիրվել է մասնակցելու այս տարի Նորվեգիայում կայանալիք Ինտերնետ կառավարման համաժողովի պատգամավորական հատվածին:
Զրուցակիցները շեշտել են միջխորհրդարանական կապերի խորացման և ամրապնդման անհրաժեշտությունը: Կողմերը մեծապես կարևորել են տնտեսական դիվերսիֆիկացիան, որը կծառայի Եվրոպական միության հետ վիզաների ազատականցման գործընթացին` նպաստելով քաղաքացիների և գործարարների տեղաշարժին ու երկու կողմերի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հակոբ Արշակյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների և խաղաղ գործընթացի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: