Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» խաղերի շրջանակում ավարտվել են առաջին տարիքային խմբի՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի միջև միջմարզային փուլի մրցումները, որոնց արդյունքներով 16 թիմ դուրս է եկել եզրափակիչ:

Առաջին տարիքային խմբից եզրափակիչ փուլ են դուրս եկել Երևանի թիվ 199, Մասիսի թիվ 2, Երևանի թիվ 174, Եղվարդի թիվ 3, Արթիկի թիվ 1, Երևանի թիվ 35, Երևանի թիվ 158, Երևանի թիվ 77, Կապանի թիվ 13, Եղեգնաձորի թիվ 2, Երևանի թիվ 171, Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2, Չարենցավանի թիվ 4, Քաջարանի թիվ 2, Լեռնահովիտի հիմնական և Վանաձորի թիվ 4 դպրոցների թիմերը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլին մասնակցել են երկու տարիքային խմբերի 45-ական թիմեր: Յուրաքանչյուր մարզից հաջորդ՝ միջմարզային փուլ են անցել առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած թիմերը (20 թիմ), իսկ Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանից՝ առաջին տեղ զբաղեցրած թիմը (10 թիմ): Միջմարզային փուլին մասնակցող 30 թիմերը վիճակահանությամբ բաժանվել են 6 փնջերի՝ պայքարելով եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Մրցումներն անցկացվում են Արթիկ, Գավառ, Վանաձոր, Աշտարակ, Էջմիածին, Վայք համայնքներում: Երկրորդ՝ 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականների թիմերի մասնակցությամբ միջմարզային փուլը կավարտվի մայիսի 30-ին:

Մրցաշարի եզրափակիչը կանցկացվի Երևանում հունիսի 16-22-ը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում 16 թիմերի միջև:

4-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ հավաստագրով, գավաթով, մեդալով և դրամական պարգևով:

1-ին տեղ զբաղեցրած դպրոցը պարգևատրվում է 4.000.000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2.500.000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1.500.000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300.000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150.000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100.000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75.000-ական դրամ:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզչության, տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

273