Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա» ընկերությունում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։ Գործադիրն այսօր կայացրեց որոշում. «Վաճառքի օպցիոնի պայմանագրի ստորագրման թույլտվություն տալու մասին» նախագիծը չզեկուցվող հարց էր։ Ըստ նախագծի՝ «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերությունը կառավարությանը առաջարկել է կնքել օպցիոն պայմանագիր։ Ընդունված որոշմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին թույլատրվում է ստորագրել վաճառքի օպցիոնի պայմանագիր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության հետ։

Օպցիոն կոչվող գործարքների պարագայում վաճառողին՝ այս դեպքում կառավարությանը, տրվում է իրավունք, բայց ոչ պարտավորություն, ապագայում վաճառել բաժնետոմսերը։ Գնորդը պարտավորվում է գնել, եթե կառավարությունը որոշի իրացնել այդ իրավունքը։

«2024 թվականի փետրվարի 29-ին ՀՀ կառավարությունը որոշել էր որպես նվիրատվություն ընդունել «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20 տոկոսը՝ շուրջ 110,000 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով։ Բաժնետոմսերը փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերության կողմից։ Դրանց կառավարումը վերապահվել էր վարչապետի աշխատակազմին», – նշված է նախագծում։

Կառավարության հիմնավորման մեջ ասված է, որ նվիրատվությունից մեկուկես տարի անց «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ»-ը իր բաժնեմասը հետ գնելու առաջարկ է ներկայացրել։ Գնորդը՝ կիպրական «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթեդ» ընկերությունը, համաձայնել է վաճառողին տրամադրել օպցիոն վաճառքի պայմանագրի շրջանակում բաժնետոմսերի նկատմամբ։ Կառավարությունն, ընկերությունում իր ունեցած 20 տոկոսը վաճառելու դեպքում կստանա 50 միլիոն դոլար։ Կառավարության նախագծում նշված է, որ գործադիրն այս քայլին գնում է «հեռահաղորդակցության ոլորտում միմյանց հետ բարեխիղճ համագործակցելու նվիրվածությունը» հաշվի առնելով։

203