«Ես վրդովված եմ ԵՊՀ-ի այսօր տարածած հայտարարությունից, թե, իբր, մեր ֆակուլտետը միանում է 17 կուսակցությունների նախաձեռնած անհնազանդությանը: Նշեմ, որ ֆակուլտետում ոչ մի քննարկում չի եղել, և ի՞նչ դասադուլ, երբ այս պահին դաս չկա: Սա 17 կուսակցություններին բնորոշ ձեռագիր է»,- այս մասին ասաց Аraratnews.am-ին դիմած՝  ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոս, բ.թ.գ. Աստղիկ Չուբարյանը: 

 

«Այդ մասին իմանալուց հետո ես կապ հաստատեցի դեկանի հետ: Դեկանն ասաց, որ իրեն հեռախոսով են հարցրել, ինքն էլ  ասել է՝ կարող եք ֆակուլտետը ևս ներառել»,- նշեց Աստղիկ Չուբարյանը՝ հավելելով, որ ինքը տեղյակ է, որ դեկանը պոստֆակտում այս պահին զանգում է գիտխորհրդի անդամներին և նոր է հարցնում վաղը կայանալիք անհնազանդության ակցիային նրանց մասնակցության մասին, այն դեպքում, երբ հայտարարությունը վաղուց տարածված է:

 

Իսկ նույն ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ, դեցենտ Նունե Թովմասյանն էլ ասաց, որ ինքն այդ մասին լրատվամիջոցներից է իմացել, մինչդեռ իրենք այդ մասին տեղեկացված չեն եղել. «Ես և իմ գործընկերները, որ նաև գիտխորհրդի անդամներ ենք, այդ մասին տեղյակ չենք եղել»:

 

Նրանք նաև նշեցին, որ համալսարանը քաղաքական գործընթացների մեջ ներգրավելը դեմ է  այդ բուհի կանոնադրությանը: 

 

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ-ն հայտարարություն էր տարածել, թե, իբր, ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:

 

Հայկ Մագոյան

21 Դեկտեմբեր, 2020 18:37
12063
; ;