Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։

«ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: աշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա  փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,-նշել է Սուրեն Պապիկյանը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենին առաջիկա աշխատանքներում:

ՀԱԷԿ-ի տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն կարդարացվի՝ էներգետիկ ոլորտի առաջատարների և լավագույն մասնագետների հետ համատեղ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ:

Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև ատոմակայանի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին՝  մասնավորապես, առաջին անգամ պետական ֆինանսական միջոցներով և ներքին ընթացակարգերով  գնումների գործընթացի և վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը:

Նախարարի խոսքով վերջին շրջանում կայանի մասնագիտական աշխատանքների կազմակերպմանը նոր որակ հաղորդելու նպատակով ատոմակայանը ենթարկվել է  նաև կառուցվածքային փոփոխության, որով սահմանվել են գործադիր տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի հաստիքները:

Նախարարը հաջողություն է մաղթել կառույցի ղեկավար կազմին և գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ մաղթել հաջողված համագործակցություն և արգասաբեր գործունեություն:

Հիշեցնենք, հունիսի սկզբին ՀՀ նախագահը ստորագրեց ԱԱԾ ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանի, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պաշտոնանկության հրամանագրերը՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները։

409