Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ոստիկանությունը մշտապես հետևողական պայքար է մղել ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և շրջանառությունից դուրս բերման ուղղությամբ։ Պայքարի առանցքում են ինչպես դրանք առգրավելու, այնպես էլ  կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները։

ՆԳՆ ոստիկանության ուղերձը հստակ է՝ ձևավորել ընկալում, որ կամավոր հանձնված յուրաքանչյուր զենք հանրային անվտանգության ապահովմանն ուղղված պատասխանատու քայլ է։

2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքը տվել է շոշափելի արդյունք․ կամավոր հանձնվել է տարբեր տեսակի 912 միավոր զենք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 101-ով։

ՀՈԳՎ հերթապահ ծառայության վարչության թույլտվության և մեթոդական ապահովման բաժնի պետ Սարգիս Քյասինյանի խոսքով՝ «Ոստիկանությունը չի սահմանափակվում միայն բացատրական աշխատանքով․ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ուժեղացված ծառայությունների ժամանակ նույնպես հայտնաբերվում է ապօրինի պահվող զենք-զինամթերք»:

2026 թվականի առաջին կիսամյակում Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 381 միավոր զենք։ 

Ընդհանուր առմամբ՝ ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

«Այն քաղաքացիները, որոնք ունեն ապօրինի զենք-զինամթերք, կոչ եմ անում ներկայացնեն Ոստիկանություն․ այդկերպ կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե իրենց արարքում այլ հանցակազմ առկա չէ»,- հորդորում է Սարգիս Քյասինյանը։

ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակելու են օպերատիվ աշխատանքը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ․ քրեական պատասխանատվությունից խուսափելու միակ միջոցը զենք-զինամթերքը կամավոր հանձնելն է, եթե ձեր գործողություններում այլ հանցակազմ չկա։

60