Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանը չորեքշաբթի հերքել է այն տեղեկությունը, թե Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հանինգը, որին մեղադրում են գաղտնի փաստաթղթեր ձեռք բերելու և դրանք օտարերկրյա հետախուզական ծառայության համար վերլուծություն պատրաստելու նպատակով օգտագործելու մեջ, կապ է ունեցել Ադրբեջանի գործակալի հետ, գրում է Reuters-ը։
Ադրբեջանի Մեդիայի և հեռարձակման խորհուրդը հայտարարությամբ նշել է, որ գործի՝ Ադրբեջանի հետ կապի վերաբերյալ պնդումները, որոնք առաջինը հրապարակել էր Der Spiegel-ը, անհիմն են։
«Այս ապատեղեկատվական գործողության հետևում կանգնած ուժերի չարամիտ նպատակն է վնասել Ադրբեջան-Գերմանիա հարաբերությունները»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ։
Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության՝ BND-ի նախկին ղեկավար Հանինգը երեքշաբթի ձերբակալվել էր դավաճանության փորձի և լրտեսության կասկածանքով։ Սա Սառը պատերազմից ի վեր Գերմանիայում անվտանգության ոլորտի ամենախոշոր սկանդալներից է։
Դատախազները հայտնել են, որ Հանինգը վճարել է BND-ի գրասենյակներից մեկի ղեկավարին՝ գաղտնի փաստաթղթեր ստանալու համար, և դրանք օգտագործել է անանուն օտարերկրյա հետախուզական ծառայության սպայի համար վերլուծություն պատրաստելու նպատակով։
Գերմանիայի Դաշնային դատախազությունը հրաժարվել է մեկնաբանել Spiegel-ի հրապարակումը։ Հանինգը չի պատասխանել Reuters-ի՝ մեկնաբանության խնդրանքին։