Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն է դիմել մի քաղաքացի՝ տեղեկացնելով, որ 2018 թվականին ավարտել է իր ծառայությունը քննչական մարմնում, և նրան օրենքով նախատեսված կարգով նշանակվել է կենսաթոշակ, սակայն 2025 թվականին նրա կենսաթոշակի վճարումը դադարեցվել է՝ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու հիմնավորմամբ։

ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ քաղաքացին նշել է, որ խնդրի լուծման նպատակով դիմել է իրավասու մարմնին, սակայն արդյունքի չի հասել։ Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր կենսաթոշակի վերականգնման, ինչպես նաև իրեն չվճարված կենսաթոշակի գումարը ստանալու հարցում։

Բարձրացված հարցը Պաշտպանը հասցեավորել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությանը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը)։

ՄԻՊ-ի հաստատության և նախարարության արդյունավետ համագործակցության արդյունքում քաղաքացու բարձրացրած հարցը ստացել է լուծում․ վերականգնվել է վերջինիս՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը, ինչպես նաև վճարվել է նախորդ ամիսներին չվճարված կենսաթոշակը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը՝ նպաստելով իրավունքների պաշտպանությանը։

85