Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) Թաիզ նահանգի երկնքում խոցել է Սաուդյան Արաբիային պատկանող թուրքական արտադրության «Bayraktar Akinci» հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքը։ Այս մասին հայտնել է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
Բացի այդ, շարժման ներկայացուցիչը հայտնել է Էր-Ռիադի «King Khalid» միջազգային օդանավակայանի ուղղությամբ բալիստիկ հրթիռով հարվածի մասին՝ նշելով, որ հարձակումը եղել է դիպուկ և հանգեցրել է օդային հաղորդակցության դադարեցման։
«Մենք վերստին կոչ ենք անում և վերջին նախազգուշացումն ենք հղում բոլոր միջազգային ավիաընկերություններին՝ կապված Սաուդյան Արաբիայի օդային տարածքում թռիչքները շարունակելու հետևանքների հետ, քանի որ այն վերածվել է ռազմական գործողությունների գոտու՝ բացառությամբ Մեքքայի և Մեդինայի սրբավայրերի օդային տարածքների»,- ընդգծել է նա։