2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է` որպես Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր:

Օրվա շրջանակներում  պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, մանկական քաղցկեղի դեմ պայքարում կատարված աշխատանքները ու հետագա անելիքները։

Երեխաները մեր ապագան են, և ինչպես յուրաքանչյուր պետության, այնպես էլ մեր երկրի համար նրանց առողջության պահպանման հարցը կարևորագույն խնդիր է:

Քաղցկեղն ամբողջ աշխարհում երեխաների ու դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է, և ամեն տարի մինչև 19 տարեկան երեխաների և երիտասարդների մոտ ախտորոշվում է շուրջ 300 հազար քաղցկեղի դեպք` դառնելով և՛ դարի չարիք առողջապահության համար, և՛ սոցիալական խնդիր` ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած պետությունների համար:

Մանուկ հասակում, որպես օրենք, անհնար է քաղցկեղը կանխարգելել կամ հայտնաբերել սկրինինգային ծրագրերով:

Բարձր եկամուտ ունեցող երկրներում հիվանդ երեխաների 80%-ից ավելին բուժվում են քաղցկեղից, մինչդեռ ցածր եկամուտներ ունեցող շատ պետություններում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 20%:

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական (0-18 տարեկան) քաղցկեղի 80-100 առաջնակի դեպք: Համաձայն վիճակագրության` մեր երկրում պացիենտների 70-75%-ը լիովին առողջանում են։  Քիմիաթերապևտիկ բուժումը փոքրիկները ստանում են պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, ճառագայթային բուժումը՝ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ վիրահատական միջամտությունները կատարվում են  բժշկական մի քանի կենտրոններում։

Հարկ է նշել, որ մինչև 18 տարեկան երեխաներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման մասին 318-Ն որոշմամբ հաստատված` բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկում, որոնց պետական պատվերի շրջանակներում կարող են մատուցվել ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ:

Հայաստանում մանկական քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման իրականացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը։ Գործունեության շուրջ 3 տարվա ընթացքում հիմնադրամը  հոգացել է շուրջ 400 երեխայի և երիտասարդի բուժման ծախսերը՝ տրամադրելով մոտ 700 միլիոն դրամի աջակցություն։

Նշենք, որ Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, ինչպես նաև առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը` պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով:

Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2019 թվականից առողջապահության նախարարությունը պետության միջոցների հաշվին ձեռք է բերում հակաուռուցքային դեղեր: Աշխատանքներ են տարվում ցանկն ընդլայնելու և ապահովվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նշենք նաև, որ հակաուռուցքային դեղեր ստացվում են նաև մարդասիրական օգնության ճանապարհով:  

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը և «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «Այս պայքարում միասին ենք» խորագրով միջոցառում: Կենտրոնում բուժում ստացող երեխաները բացիկներ կպատրաստեն և կուղարկեն աշխարհի 557 բժշկական կենտրոններում բուժում ստացող քաղցկեղ ունեցող երեխաներին։

Ներկայումս ավարտին է մոտենում Արյունաբանական կենտրոնում կառուցվող Հայաստանում առաջին մանկական քաղցկեղի պալիատիվ կլինիկան:

15 Փետրվար, 2021 15:37
113
; ;