Ամբողջ աշխարհում  աննախադեպ այս իրադարձությունը տեղի է ունեցել Կանադայի գավառական փոքրիկ Կալանդեր քաղաքում 1934 թվականին։

 

Այս հնգյակ քույրերը, թվում է, այնքան երջանիկ են, բայց նրանց նուրբ ժպիտների տակ թաքնված է ահավոր ճշմարտություն։

Իրենց ծնված օրվանից Դիոն քույրերը դարձան հռչակավոր։

1934 թվականի մայիսի 28-ին Կանադայի բնակչուհի Էլզի Դիոնը լույս աշխարհ բերեց հնգյակի և տվեց նրանց Էմիլի, Իվոն, Սեսիլ, Աննետ ու Մարի անունները։ Սա այն եզակի դեպքերից էր, երբ աշխարհում ծնվեցին հինգ աղջիկներ և բոլորը բարեբախտաբար ապրեցին։ Էլզին չէր սպասում հնգյակի, կարծում էր, թե երկվորյակներ են։ Ծննդաբերելուց հետո կինը 2 ժամ շոկի մեջ էր։ Աղջիկները ծնվել էին ժամանակացույցից 2 ամիս շուտ, 6 կգ ընդհանուր քաշով։ Ծննդաբերությունը ընդունել էին երկու բժիշկներ, որոնցից մեկը բժիշկ Դաֆոն էր, որն էլ հետագայում մեծ դեր խաղաց աղջիկների ապագայի հարցում։

Էլզի և Օվոն Դիոնների հարևաններն օգնում էին երեխաների համար ձեռք բերել վերմակներ, անհրաժեշտ պարագաներ։ Եվ հենց այդ հոգատարության շնորհիվ էլ նրանք բոլորը ապրեցին։

Ցավոք, Դիոնների ընտանիքը երկար չվայելեց այդ երջանկությունը։ Հրաշք երեխաների մասին նորությունը արագ տարածվեց, որը շատերի մոտ հետաքրքրություն առաջացրեց. բազմաթիվ անծանոթ մարդիկ սկսեցին այցելել նրանց՝ ցանկանալով տեսնել երեխաներին։ Այցելուների թվում էին նաև գործարար մարդիկ՝ անսովոր առաջարկություններով։

Առաջինը, որ դիմեցին ընտանիքին, միջազգային ցուցահանդեսի ներկայացուցիչներ էին Չիկագոյից, որոնք ուզում էին աղջիկներին ցույց տալ աշխարհին։ Կանադայի կառավարությունը, իմանալով այդ մասին, որոշեց միջամտել։ Հենց այդ պահից սկսվեց ամենսարսափելին։ Հանուն աղջիկների անվտանգության, ծնողները ժամանակավորապես իշխանություններին փոխանցեցին երեխաների խնամակալությունը։ Կառավարության հրամանով աղջիկներին տեղափոխեցին տան մոտ հատուկ կառուցված հոսպիտալ՝ նրանց թողնելով Կարմիր խաչի խնամակալության ներքո` իբրև բարի մտադրությունների պատրվակով։ Բայց շուտով ճշմարտությունը ջրի երես էր դուրս գալու։ Վարչապետ Օնտարիո Միթչել Հեփբերն այնպես էր կազմակերպել, որ երեխաները մնան կառավարության խնամակալության տակ մինչև 18 տարեկանը` պատճառաբանելով, թե դրանով իբր թույլ չեն տա ծնողներին շահագործել նրանց հանուն փողի։ Սակայն իրականում երեխաներին շահագործում էր հենց  կառավարությունը։

Հոսպիտալը դարձրել էին «Քվինթլենդ» կոչվող տեսարժան այգի, որտեղ գումարի դիմաց թողնում էին բոլոր ցանկացողներին։ Զբոսաշրջիկները աշխարհի տարբեր տեղերից գալիս էին «Քվինթլենդ» աղջիկներին տեսնելու, բայց միայն միակողմանի հայելու հետևից. երեխաները ոչինչ չէին կասկածում։ Այցելուները նայում էին, թե ինչպես են նրանք սնվում, սովորում և  խաղում իրենց խնամակալների հետ։ Մի խոսքով՝ աղջիկները ասես գազանանոցի կենդանիներ լինեին։ Ամբողջ 9-ը տարի Դիոն քույրերը մնացին հոսպիտալում՝ առանց ընկերների և արտաքին աշխարհի մասին ինչ-որ գիտելիքներ իմանալու։ Նրանք չգիտեին, թե ինչ է կատարվում պատերից այն կողմ։ Հոսպիտալը գլխավորում էր բժիշկ Դաֆոն, որն օգնեց իրենց լույս աշխարհ գալուն։ Նա համարվում էր երեխաների օրինական դաստիարակը։ Աղջիկների ծնողները շարունակում էին ապրել փոքր տան մեջ՝ հոսպիտալի հարևանությամբ, բայց գումար չունեին, որպեսզի այցելեին աղջիկներին։

Հնգյակ աղջնակները չէին էլ հասկանում, որ իրենք 500 միլիոն դոլարից ավելի գումար էին աշխատել կառավարության համար այդ 9 տարիների ընթացքում՝ 1934-ից մինչև 1943 թվականը։ Նրանք դարձել էին երկրի գլխավոր «տեսարժան վայրը», նույնիսկ ավելի դիտարժան, քան Նիագարա ջրվեժը։ Աղջիկներին նկարահանում էին սննդի գովազդների համար` բժիշկ Դաֆոյի հետ, որը ճանաչում էր ստացել իր խնամակալության շնորհիվ։

Աղջիկների մասին այն ժամանակ այնքան շատ էր խոսվում Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ անգամ հոլիվուդյան աստղեր Քլարք Գեյբլն ու Բեթթի Դեվիզը, ինչպես նաև Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներն էին գնացել տեսնելու նրանց։

1943 թվականին սարսափի վերջակետը դրվեց։ Աղջիկները մեծացել էին, հանրաճանաչությունը` նվաճել։ Նրանք այլեւս մեծ եկամուտ չէին բերում։ Բժիշկ Դաֆոն հրաժարվեց երեխաների խնամակալությունից։ Հնգյակը կարող էր վերադառնալ տուն։

Հայտնի քույրերը ծնողների հետ բնակություն հաստատեցին մեծ դղյակում, որը կառուցել էին աղջիկների համար հատուկ ստեղծված հիմնադրամի գումարից։ Ցավոք, նրանց կյանքը ազատության մեջ էլ այնքան հաջող չէր։ Ծնողները սկսեցին առանց վերահսկողության ծախսել գումարները թանկարժեք ավտոմեքենաների և սննդի վրա՝ չհարցնելով իրենց դուստրերի կարծիքը։ Աղջիկները, որ սովոր էին իրենց համար կատարվող ծառայություններին, պետք է տան գործերն իրենք անեին։ 1952 թվականին, երբ լրացավ նրանց 18-ամյակը, քույրերը միանգամից հեռացան տնից։ Նրանք հազվադեպ էին հաղորդակցվում ծնողների հետ, գրեթե չէին տեսնվում։

Մարին, Անեթն ու Սեսիլը շուտով ամուսնացան, երեխաներ ունեցան։ Էմիլան որոշեց գնալ մենաստան, սակայն շատ վաղ կյանքից հեռացավ՝ 20 տարեկան հասակում` էպիլեպսիա հիվանդությունից։ Մարին ապրեց մինչև 35 տարեկան և մահացավ կաթվածից։

Մնացած երեք քույրերը՝ Իվոնը, Անեթն ու Սեսիլը, նորից սկսեցին ապրել միասին։ 1998 թվականին նրանք դատական հայց ներկայացրեցին Կանադայի կառավարության դեմ։ Արդյունքում քույրերը իշխանություններից ստացան 2,8 միլիոն դոլար փոխհատուցում։ Դատարանն այդքան գնահատեց փոքրիկ անմեղ երեխաների գողացված մանկությունը։

Սա անհավատալի անմարդկային պատմություն է։ Հանուն շահույթի մարդիկ պատրաստ են կործանել անմեղ երեխաների կյանքը։

 

Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է նման բան էլի կրկնվի։

Պատրաստեց` Թագուհի Մանուկյանը 

1183