Աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված անձանց թիվը ավելացել է երկուսով: Այս պահին Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 14 պացիենտ, որոնցից 13-ը 2-4 տարեկան երեխաներ են, 1-ը՝ մեծահասակ: Նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության: Այս մասին «Հայկական ժամանակին» հաղորդեց Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանը:
Հարցին՝ վարակի աղբյուրը կրկի՞ն մանկապարտեզն է (վերջերս Երեւանի մանկապարտեզներից մեկի 11 սան նույն ախտանշաններով ընդունվել էին «Ինֆեկցիոն ազգային կենտրոն», մանկապարտեզի սաների մոտ աղիքային վարակի դեպքեր գրանցվել էին նաեւ Վայքում -խմբ.), Ռոմելա Աբովյանը նշեց, որ այս դեպքում երեխաները տարբեր բնակավայրերից են, բժշկական կազմակերպությունից դուրս նրանք ընդհանրություն չունեն:
Նրա խոսքով՝ աղիքային վարակի պատճառը բացահայտելու ուղղությամբ իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, շրջակա միջավայրից վերցվել են լվացումներ աղիքային խմբի մանրէների և պաթոգեն միկրոֆլորայի նկատմամբ, վերցվել են նաեւ ջրի նմուշներ, բաժանմունքում բուժում ստացող պացիենտներից, նաեւ բուժանձնակազմից են նմուշներ վերցրել:
Նա նշեց, որ աղիքային վարակի ախտորոշում ունեցող երկու երեխաների մոտ հայտնաբերվել է ներհիվանդանոցային վարակի հարուցիչ՝ Կլոստրիդիում դիֆիցիլ: Նրա տեղեկացմամբ՝ հարուցիչը հիմնականում գլուխ է բարձրանում այն ժամանակ, երբ պացիենտները երկարատև անտիբիոտիկ թերապիա են անցնում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։