
AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի ուսանողուհի (բակալավր) Մերի Բարսեղյանն է:
Մերի, դիմորդների մի զգալի զանգված նախապատվությունը Միջազգային հարաբերություններին է տալիս, քանի որ այն «թրենդային» մասնագիտություն է: Ձեր դեպքում մասնագիտական կողմնորոշումն ինչպե՞ս է տեղի ունեցել:
Համաձայն եմ Ձեզ հետ, քանի որ շատերը ցանկանում են դիվանագետ դառնալ` գայթակղվելով մասնագիտության արտաքին փայլով և ինչու ոչ՝ նաև ֆակուլտետի ականջահաճո անվանումով (ինձ նման դեպքեր հայտնի են): Այն, որ դիվանագիտությունը բարդ մասնագիտություն է, երկու կարծիք լինել չի կարող: Բայց կասկածից դուրս է նաև այն, որ այդ բարդությունը հաղթահարելու համար խոր կրթություն է պետք: Հարկ է շեշտել, որ դիվանագիտությունը պետական աստիճանի պատասխանատու ծառայություն է, որտեղ կարող են հաջողության հասնել միմիայն բազմակողմանի զարգացած, լայն մտահորիզոն և անալիտիկ մտածողություն ունեցող անձինք: Ինչ վերաբերում է ինձ, ես փոքր հասակում դեռ չգիտեի՝ ինչ է դիվանագիտությունը, սակայն միշտ ասում էի՝ ես պետք է դառնամ դիվանագետ: Այնուհետև, 6-րդ դասարանից սկսած, բաց չեմ թողել և ոչ մի նորություն ու ակտիվորեն հետևել եմ լրահոսին: Այս առումով ես միշտ շրջվում եմ դեպի հեռուստացույցը. գերտերությունների արտաքին քաղաքական տրեկները միշտ իմ ուշադրության կենտրոնում են եղել, ուստի այստեղ գալն ինձ համար ինքնանպատակ չի եղել:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ո՞րն է եղել Ձեր երկրորդ մասնագիտական օտար լեզուն: Դու՞ք եք այն ընտրել:
Իմ երկրորդ մասնագիտական օտար լեզուն ֆրանսերենն է։ Պետք է նշեմ, որ հաճախել եմ ֆրանսիական դպրոց, որտեղ 12 տարի ուսումնասիրել եմ և՛ լեզուն,և՛ ֆրանսիական գրականությունը: Հիմա կառաջանա հարց՝ ինչու չընտրեցի մեկ այլ լեզու. դպրոցում անգլերեն չեմ ուսումնասիրել և վախենում էի երկակի լեզվական բարդությունից: Սկզբում ես մտադիր էի ընտրել թուրքերենը կամ արաբերենը, բայց անգլերենի խնդրահարույց լինելու պատճառով ընտրեցի ֆրանսերենը: Անկեղծության համար ասեմ, որ չեմ փոշմանում. սա ճիշտ ընտրություն էր: Այնուամենայնիվ, ես այժմ սովորում եմ նաև թուրքերեն: Լեզուների իմացությունը կարևոր զենք եմ համարում՝ արտաքին քաղաքական օղակում հաջողելու համար: Դեպի ֆրանկոֆոն լինելու իմ զարգացման ճանապարհին պետք է շնորհակալություն հայտնեմ իմ կյանքում կարևոր նշանակություն ունեցող 2 մարդու. իմ դասղեկին՝ իմ առաջին ուսուցիչներից մեկին՝ պարոն Բլբուլյանին, ով ինձ ձևավորեց որպես ֆրանկոֆոն, և իսկապես իր ներդրումը շատ մեծ է իմ կրթական ճանապարհին: Այնուհետև համալսարանում ինձ մասնագիտական ֆրանսերենով տրանսֆորմացիայի ենթարկեց իմ շատ սիրելի դասախոս տիկին Պետրոսյանը, ով տրամադրեց ինձ համար անչափ կարևոր հարթակ՝ ինքնադրսևորվելու և ինքնակրթվելու համար:
Ֆրանսերենը դիվանագիտության լեզու է, և համոզված եմ, որ լեզվին տիրապետելը իմ հաջողության հասնելու միջոցներից մեկն է լինելու:
Ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում ապագա միջազգայանգետները:
Այստեղ կարևոր եմ համարում ընդգծել լեզուների հանգամանքը, որոնց իմացության պարագայում մասնագիտական գրականություն ուսումնասիրելը ավելի խոր գիտելիքներ է տալիս: Մեր բաժինը լայն հնարավորություն է ընձեռում լեզվի առումով տարբեր տարածաշրջանային հետաքրքրություն ունեցող ապագա դիվանագետների համար: Օրինակ՝ մերձավորարևելյան տարածաշրջանով հետաքրքրվող անձինք կարող են ուսումնասիրել արաբերեն, պարսկերեն, ասիական տարածաշրջանով հետաքրքրվողները՝ չինարեն, ճապոներեն և այլն: Չկան առարկաներ, որոնցից ինչ-որ բան չեմ սովորել, բայց պետք է նշեմ մի քանի առարկա, որոնց ուշադրություն դարձնելը ավելի քան կարևոր է: Ինձ համար ահռելի մեծ նշանակություն է ունեցել պարոն Վարդազարյանի դասավանդած «Աշխարհի քաղաքական քարտեզ, Աշխարհաքաղաքականություն» առարկան: Առաջին կուրսի ուսանողների մեծ մասը, ցավոք, անգամ մայրաքաղաքներին չի տիրապետում, և այս առարկայի մանրակրկիտ ուսումնասիրությունը դիվանագետի համար մեղմ ասած՝ առաջնային նշանակություն ունի: Պետք է առանձնացնեմ նաև «Միջազգային հարաբերությունների մասնագիտական ներածություն» առարկան, որը պարոն Կարապետյանն է դասավանդում: Այս առարկայի շրջանակներում, ուսանողը բավականին մեծ հնարավորություն ունի ինչպես ներկայացնելու, այնպես էլ զարգացնելու իր վերլուծական ու գիտական միտքը: Չեմ կարող չնշել նաև այն առարկաները, որոնք դասավանդում է պարոն Չալըմյանը. դրանք ապագա դիվանգետի մեջ բարձր կուլտուրա և կարևոր բարոյակամային հատկություններ են ձևավորում: Իմ դասախոսներից յուրաքանչյուրից առանձնահատուկ որևէ բան վերցրել եմ, և հենց այդ պատճառով, պարոն Պետրոսյանի և պարոն Մանուկյանի գլխավորությամբ, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր դասախոսներին, որոնք ջանք չեն խնայում ուսանողներին կրթելու և իրենց նպատակին հասցնելու համար:
Հաճախ եմ լսում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնի շրջանավարտներից, որ իրենք ավարտելուց հետո նեղ մասնագիտություն մագիստրատուրայում նույնպես չեն ստանում: Ի՞նչ կասեք այս մասին:
Ես բակալավրի 3-րդ կուրսի ուսանողուհի եմ և կփորձեմ այս հարցին պատախանել ինձ հասանելի տեղեկացվածության սահմաններում: Այս տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Արիզոնայի համալսարանի և ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի համագործակցության արդյունքում նոր մագիստրոսական ծրագիր է ներդրվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնում: Այս ծրագրի շնորհիվ ուսանողները գիտելիքներ ձեռք կբերեն ԱՄՆ արտաքին քաղաքականության, պատմության, տնտեսության և այլ հարցերի շուրջ։ Կարծում եմ՝ նեղ մագիստրոսական այլ ծրագրեր ժամանակի ընթացքում ևս կներդվեն:
Մի փոքր կխոսե՞ք SPFA կազմակերպության ու նրա նպատակների մասին:
Այս հարցին կպատասխանեմ որպես «Երիտասարդ ֆրանկոֆոն դիվանագետների ակումբ»-ի նախագահ: Սա հրաշալի ինքնադրսևորվելու և ինքնակրթվելու հարթակ է: Նախ՝ մասնագիտական ֆրանսերենին ավելի ես մոտենում, երկրորդ, վերլուծական ունակություններն ավելի ես զարգացնում: Սա մի հարթակ է, որի շրջանակներում ֆրանկոֆոն ապագա դիվանագետները հանդիպումներ են ունենում ոլորտի կայացած մասնագետների հետ, քննարկում թեմաներ, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները, առաջարկում լուծումներ ու ելքեր ստեղծված բարդ իրավիճակներից: Այս ամենից զատ, այս հարթակը ձևավորում է թիմային աշխատանքում ինքնադրսևորվելու ունակություն, համբերատարություն և լսելու ունակություն: Ի դեպ, կա թյուր կարծիք, որ այստեղ կարող են լինել միայն ԵՊՀ-ի ֆրանկոֆոն ուսանողները, բայց դա այդպես չէ. հարթակը բաց է բոլոր ֆրանկոֆոն ուսանողների, ինչպես նաև քաղաքականությամբ և դիվանագիտությամբ հետաքրքրվող անձանց համար: Շնորհակալ եմ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Պետրոսյանին՝ այս նախաձեռնության իրականացման համար:
Մերի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնում ստացած կրթությունը, ըստ Ձեզ, ո՞ր ոլորտներում կարող է ծառայել պետությանը ու որտեղ Ձեզ հնարավորություն կընձեռի աշխատել:
Մեր ֆակուլտետն իրականում լայն հնարավորություն է ընձեռում քաղաքական տարբեր օղակներում աշխատելու համար: Ամենևին պարտադիր չէ, որ միջազգայնագետը լինի դեսպան արտերկրում։ Նա կարող է հրաշալի վերլուծաբան լինել, պատգամավոր, նախարար և այլն: Արդյունքում բաժնի շրջանավարտները հնարավորություն են ունենում աշխատելու միջազգային տարբեր կազմակերպություններում, ոչ պետական կազմակերպությունների հետազոտական ու վերլուծական բաժիններում, Ազգային ժողովում, արտաքին գործերի նախարարությունում և այլն:
Ինչը՞ կփոխեիք Ձեր բաժնում:
Ուսանողների քանակը շատ է: Այս բաժնի համար 140-ը իսկապես մեծ թիվ է, հատկապես դասապրոցեսի իրականացման և նյութի ընկալման համար առավելագույնը 30-40 ուսանող պետք է այստեղ սովորի: Հայալեզու գրականության պակասը պետք է լրացվի, ռուսերենի դասաժամերը պետք է ավելանան, անգլերենինը՝ նույնպես: Սրանք կարևոր փոփոխություններ կլինեն՝ լավ կադրեր պատրաստելու համար։
Ֆակուլտետում հայալեզու գրականության պակասն արհեստական բարդություններ ստեղծու՞մ է ուսանողների համար` հատկապես միջանկյալ ստուգումների ու ավարտական քննությունների ժամանակ:
Մեր ֆակուլտետում բացակայում է հայալեզու գրականությունը, ինչը ինքնին խնդիր է առաջացնում թե՛ ժամանակի, թե՛ ընկալելիության տեսանկյունից: Ուսանողների մոտ կա ձևավորված ավանդույթ. վերցնել պատրաստի նյութերը բարձր կուրսի ուսանողներից և սովորել: Սա ճիշտ չեմ համարում, քանի որ, ինչպես կասեր իմ սիրելի Վարդգես Պետրոսյանը, «Թարգմանությունը միշտ կես խնձոր է, մի կեսը կերած է լինում թարգմանիչը», բայց նաև չեմ էլ մեղադրում ուսանողներին. մասնագիտական գրականության հիմնական մասը ռուսաց լեզվով է, իսկ այսօր, ցավոք, շատերն ունեն այս լեզվի հետ կապված խնդիրներ: Ցավում եմ, որ այս կայացած ֆակուլտետում բացակայում է հայերեն մասնագիտական գրականությունը, և սա այն դեպքում, երբ մենք ունենք հրաշալի դիվանագետներ, ովքեր ֆակուլտետի ուսանողներին կարող են մատուցել իրենցը՝ հայալեզու գրականությամբ:
Ի՞նչ եք կարծում, այն անձինք, որոնք միջազգայնագետի բազային կրթություն չունեն կարո՞ղ են միայն մագիստրատուրայում ուսանելու միջոցով լավ մասնագետ դառնալ:
Այո՛,կարող են: Ի վերջո, կա կառավարության որոշումը՝ դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների մասին: Սակայն ունեմ համոզմունք, որ ոչ բազային կրթություն ունեցող միջազգայնագետին դեսպան պետք է նշանակել արտերկրում՝ հաշվի առնելով որոշ կարևոր հանգամանքներ: Օրինակ՝ տնտեսագետը պետք է դեսպան նշանակվի այն երկրում, որի հետ ունենք լավ տնտեսական կապեր և հնարավորություն դրանք խորացնելու համար: Նշեմ, որ Վրաստանի առևտրային գործընկերների եռյակը գլխավորում են Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը: Սա խոսում է այն մասին, որ Վրաստանում պետք է ունենալ այնպիսի դեսպան, ով կկարողանա բալանսավորել հայ-վրացական տնտեսական հարաբերությունները: Դա ո՞վ կարող է անել լավ, եթե ոչ բազային տնտեսագիտական կրթություն ունեցող դեսպանը: Վրաստանում մեր արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը մասնագիտությամբ ֆինանսիստ-տնտեսագետ է, ինչը միանշանակ կարևոր հանգամանք է Վրաստանի պարագայում, քանի որ Վրաստանը Հայաստանի համար գլխավոր տարանցիկ ուղի է՝ անհրաժեշտ ապրանքներ ներկրելու համար: Կարևոր է փաստել նաև այն, որ տնտեսական բարձր հարաբերություններից կարող են ծնվել քաղաքական և դիվանագիտական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչն իսկապես կարևոր է Վրաստանի պարագայում: Կարծում եմ ՝ այս օրինակը բավարար է պատասխանս հիմնավորելու համար:
Եթե Ձեզ նման հնարավորություն ընձեռվեր, կփոխեի՞ք Ձեր մասնագիտությունը:
Ես պաշտում եմ իմ մասնագիտությունը. սա արվեստ է, որտեղ մի խոսքը կարող է աշխարհ փոխել, իսկ լռությունը՝ աշխարհ կործանել: Իմ պատկերացմամբ՝ դիվանագետն այն մարդն է, որը կարող է փոխել աշխարհը: Ես հավատում եմ դրան ու ինձ այլ բնագավառում չեմ տեսնում: Ի սկզբանե որոշել եմ՝ կամ միջազգայնագետ, կամ՝ ոչինչ: Սա նաև սկզբունքայնության հարց է, որին հաստատ չեմ դավաճանի:
Օլյա Շահինյան