
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է աշխատեն հարաբերություններում «մեծ թռիչք» կատարելու համար։
Մինչ բանակցությունների մեկնարկը, Ռուսաստանի Դաշնության և Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են երկկողմ և տարածաշրջանային տարբեր ոլորտներում պետությունների միջև համագործակցության զարգացումը:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ երկու երկրների նախագահների միջև շփումները և այս այցը հաստատում են, որ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, իսկ ներկայիս բանակցությունների արդյունքում պետք է ջանքեր գործադրվեն երկկողմ հարաբերություններում մեծ առաջընթաց գրանցելու համար։
Աբդոլլահիանը ընդգծել է, որ Մոսկվայի հետ Թեհրանի երկխոսությունը Իրանի նոր կառավարության բարիդրացիական քաղաքականության առաջնահերթություններից է։