
Սպիտակ տան վարչակազմը, Պետդեպարտամենտի աջակցությամբ, կշարունակի ակտիվորեն աշխատել Կոնգրեսի հետ՝ ապահովելու Ուկրաինային ռազմական օգնության շարունակական տրամադրումը:
Նոյեմբերի 10-ին նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Վաշինգտոնում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպմանը։
«Մենք կաշխատենք Կոնգրեսի հետ՝ ապահովելու Ուկրաինային անհրաժեշտ համակարգերի շարունակական մատակարարումը, ներառյալ մահաբեր պաշտպանական զենքերը»,- հայտարարել է Բլինկենը։
Իր հերթին, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին և նշել, որ Ուկրաինան շահագրգռված է ամերիկյան ցանկացած աջակցությամբ։
«Մենք շահագրգռված ենք այն ամենով, ինչը կօգնի մեզ ուժեղացնել պաշտպանական ներուժը. հետախուզական տեղեկատվություն, հակաօդային պաշտպանության համակարգեր կամ այլ բան»,- եզրափակել է Կուլեբան: