ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի կողմից հեղինակած «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել:
Նախագծով առաջարկվում է փրկարար ծառայության անցման ինչպես արտամրցույթային, այնպես էլ՝ մրցույթային կարգ, ընդ որում՝ պայմանով, որ գլխավոր և ավագ խմբերի թափուր պաշտոնները մրցույթի արդյունքներով զբաղեցվում են միայն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում (40-օրյա ժամկետում) արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում: Պետք է նշել, որ գործող օրենքով նախատեսվում է միայն մրցութային կարգ, որը հանգեցնում է փրկարար ծառայությունում հաստիքների թերհամալրման:
Առաջարկվում է 3 տարին մեկ անգամ անցկացնել ծառայողների պարտադիր ատեստավորում: Ատեստավորման արդյունքում ձևավորել ծառայողական առաջխաղացման ցուցակներ, որոնց հիման վրա, ըստ անհրաժեշտության, կկատարվի փրկարարական ծառայողների առաջխաղացումը:
Հստակեցվում է փրկարար ծառայողների պաշտոնի նշանակման կարգը:
Նախատեսվում է, որ Փրկարար ծառայությունում ծառայության՝ պարտադիր զինվորական ծառայության, առողջական վիճակի, ինչպես նաև ֆիզիկական պատրաստվածության հետ անմիջականորեն չկապված առանձին գործառույթների իրականացման համար, կարող են անցնել նաև «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացինները, ովքեր առողջության խաթարմամբ պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումների հետևանքով ունեն սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն (հաշմանդամ), որոնց նկատմամբ չեն կիրառվում օրենքով ծառայության անցնելու համար նախատեսված պահանջները.
Նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորում, որի համաձայն փրկարար ծառայողները և նրանց ընտանիքի անդամները (այդ թվում` կենսաթոշակառուները ու նրանց ընտանիքների անդամները) ապահովվելու են անվճար որակյալ բուժօգնությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բուժհիմնարկներում.
Նախագծով նախատեսվում է կարգավորել նաև ռոտացիայի և օրենքով սահմանված այլ դեպքերում բնակության այլ վայր՝ մշտական բնակության վայրից առնվազն 50 կիլոմետր հեռավորությամբ այլ պաշտոնի փոխադրված ծառայողների սոցիալական երաշխիքների, այն է՝ ծառայության նոր վայրում ժամանակավոր բնակարանով ապահովելու կամ բնակարանի վարձակալության վճարի փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները: