Այս տարի Սուրբ Սարգսի տոնը նշվելու է փետրվարի 12-ին։ Այն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։ Այդ օրը այն ընտանիքներում, որտեղ կան  չամուսնացած աղջիկներ, պատուհանի գոգին ալյուրով կամ փոխինդով լեցուն ափսե են դնում, եւ եթե առավոտյան ինչ-որ հետք են նկատում զանգվածի մեջ, որն ասոցացվում  զորավարի ձիու սմբակի հետքի հետ, նշանակում է՝ տան աղջիկը անպայման այդ տարի կամուսնանա։ Ամենակարեւոր ավանդույթը, սակայն, աղի բլիթ ճաշակելն է, որն ուտելուց հետո երիտասարդները չպետք է ջուր խմեն, որպեսզի երազում տեսնեն իրենց ապագա ընտրյալին, որն իրենց ծարավը կհագեցնի։

Araratnews.am-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ Սուրբ Սարգսի  խորհուրդը կարևոր է հենց նրանով, որ իր վարքի մեջ բացահայտվում է սերը, նվիրումը, քաջությունը, հավատարմությունը առ Աստված: Աստվածային սիրով Սուրբ Սարգիսը կարողացավ լավագույն օրինակը լինել յուրաքանչյուր քրիստոնյայի համար` համատեղելով սերը և քաջությունը, ինչպես նաև իր կյանքում հաղթանակներ տոնելու համարձակությունը և խիզախությունը:

Թեպետ երիտասարդների մոտ ընդունված է Սուրբ Սարգսի տոնին աղի բլիթ ուտել, իսկ Վալենտինի օրը իրենց սիրելիներին նվերներ տալ, ամեն դեպքում քահանան նկատեց. «Չարժե համեմատել Վալենտինի և Սուրբ Սարգիս տոները։ Խնդիրը ոչ թե պայքարն է ընդդեմ Վալենտինի, այլ մեր ազգային եկեղեցական տոներն ու ավանդույթները պահպանելը: Տարիների ընթացքում տեսնում ենք, որ մարդիկ ավելի շատ հետևում են Սուրբ Սարգսի տոնին, քան` Վալենտինին»:

Մանրամասնելով աղի բլիթ ուտելու «արարողակարգը»`  Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ բլիթն ուտելուց առաջ որևէ կոնկրետ սննդակարգ պահելու կարիք չկա, քանի որ աղի բլիթը որևէ հոգևոր խորհուրդ կամ իմաստ չունի. «Այն ընդամենը ժողովրդական ավանդույթ է, որովհետև Սուրբ Սարգսի տոնին մասնակցել չի նշանակում աղի բլիթ ուտել: Եկեղեցական տոնին մասնակցել նշանակում է եկեղեցում մասնակցել սուրբ պատարագին` աղոթքով և սուրբ հաղորդություն ճաշակելով: Պատարագին մասնակցելը ամենակարևոր պայմանն է»:

Նկատենք, որ նշանակություն չունի՝ ով կպատրաստի աղի բլիթը. «Տարածաշրջանային առումով տարբեր մարզերում տարբեր ավանդությունների կարող ենք հանդիպել. մի տեղ երջանիկ կին է պատրաստում, մեկ այլ տեղ` այրի, բայց ընդհանուր ոչ մի հստակ պայման չկա»,- ասաց քահանան:

Այս առիթով ժամանակին ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին կարծիք էր հայտնել, որ եթե հավաքված են կանայք, ապա նրանցից աղի բլիթ պետք է պատրաստի ամենաերջանիկը, որը մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել: Կամ երբ աղջիկներ են հավաքվում, այդ պարագայում պատրաստում է սիրահարված աղջիկը, որն այդ սիրո տարոսիկը տալիս է բոլորին։

ժողովուրդը սուրբ Սարգսի տոնն ընկալել է որպես երիտասարդների տոն, իսկ սրբին՝ որպես սիրո բարեխոս: Այդուհանդերձ, սրբի շուրջ հյուսված ավանդազրույցները փաստում են, որ նա նաև ընտանիքների և հղի կանանց հովանավորն է: Նրա բարեխոսությանն էին դիմում կանայք՝ զավակ ունենալու, հոգու և մարմնի բժշկության, պանդուխտների տունդարձի, ռազմիկներին ուժ և կորով տալու նպատակներով:
Անի Ղումաշյան

1701