Արդեն գեղեցիկ տոնի վերածված այս ավանդույթը բոլորի համար դարձել է սպասված. փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ AraratNews.am-ի թղթակիցը զրուցել է միջազգայնագետ Գարիկ Հարությունյանի հետ։

 

Գարիկ, ի՞նչ տեղ ունի գիրքն ու ընթերցանությունը ուսանողի առօրյայում:

Գիրքը մարդու բարեկամն է, հավատարիմ խորհրդատուն ու անբաժանելի ուղեկիցը: Գրքերի շնորհիվ մենք նորանոր աշխարհներ ենք բացահայտում, սովորում ենք խոսել ճիշտ և գրագետ, կարողանում ենք առանց կաշկանդվելու արտահայտել մեր մտքերը, և, ի վերջո, գիրք ընթերցելը պարզապես հաճույք է:

 Վերջին շրջանում ի՞նչ գիրք կամ գրքեր եք կարդացել:

Այս տարվա վերջին գիրքը, որ կարդացել եմ, եղել է Աբրահամ Գասպարյանի «Մուխաբարաթ». Սիրիայի անվտանգության ալավիական բանաձևը» աշխատությունը: Այստեղ հեղինակը վերլուծության է ենթարկել Սիրիայի ռազմաքաղաքական, հետախուզական ու անվտանգային որոշումների ընդունման ինստիտուտների գործունեությունը, անվտանգային համակարգի կառուցվածքը, իրավաքաղաքական խորքային հիմնախնդիրները, հետկոնֆլիկտային Սիրիայի անվտանգային ճարտարապետության մեխանիզմները: Մերձավորարևելյան ուսումնասիրություններով զբաղվող մասնագետներին, ապագա քաղաքագետներին, կարծում եմ, հաստատ կհետաքրքրի այս գիրքը:

Կա՞ արդյոք գիրք, որ բոլոր ժամանակներում միջազգայնագետի համար առանձնահատուկ է, ու Դուք պարբերաբար վերընթերցում եք:

Գիտեք, դիվանագիտական բնույթի գրքերը իրականում բազմաթիվ են: Բայց ինչ վերաբերում է հայերեն լեզվով մասնագիտական գրականությանը, ապա պետք է նշեմ, որ դրանք այդքան էլ շատ չեն: Վերջին շրջանում հայերեն լեզվով թարգմանվել են Քիսինջերի «Աշխարհակարգ», Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախումը և աշխարհակարգի վերափոխումը» աշխատությունները: Իրականում Քիսինջերը բազմաթիվ գրքերի հեղինակ է, հաջորդ տարի նաև լրանալու է անվանի դիվանագետի 100-ամյակը: Կարծում եմ՝ նրա  և այլ դիվանագետների, միջազգային տեսաբանների հայտնի աշխատությունները հետագայում լույս կտեսնեն հայերեն լեզվով:

Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք կարդալ և ինչո՞ւ:

Մասնագիտական տեսանկյունից խորհուրդ կտամ հետևյալ գրքերը.

ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Արման Նավասարդյանի բոլոր գրքերը («Դիվանագիտություն», «Հերմեսից մինչև մեր օրերը», «Հելլադայի դիվանագիտական որոգայթները)։

Եվ կցանկանայի առանձնացնել նաև լրագրող Թաթուլ Հակոբյանի բոլոր աշխատությունները.

«Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը. պատերազմ, սառը պատերազմ, դիվանագիտություն»

«Արցախյան օրագիր. կանաչ ու սև 2020 թ. հայկական աղետը»

«Մահվան հովիտ. 44-օրյա աղետ»

Ինչո՞ւ նշեցի այս հեղինակներին և աշխատությունները: Արման Նավասարդյանը անցել է հարուստ ճանապարհ և դիվանագիտական կառույցի բոլոր նրբություններն ուսումնասիրած պրոֆեսիոնալ է: Նա իր աշխատություններում հանրամատչելիորեն նկարագրել է դիվանագիտությունը, կարևորել դիվանագետի վարվեցողությունն ու բարեկրթությունը: Այն հատկապես նախատեսված է դիվանագիտության «այբուբենն» ուսումնասիրող սկսնակներին:

Թաթուլ Հակոբյանը լրագրող է, արցախյան և հայ-թուրքական հարաբերությունների հարցերով փորձագետ: Նրա աշխատությունները ևս օգտակար կլինեն ոլորտով հետաքրքրվողների համար:

Հիմնականում տպագի՞ր եք ընթերցում, թե՞ առցանց:

Էլեկտրոնային գրքերն այսօր շատ տարածված են: Էլեկտրոնային գիրքն իհարկե, չունի թղթի հոտը, որն ունեն սովորական գրքերը: Դրանք չես կարող շոշափել, թերթել և էջանիշ դնել: Սակայն էլեկտրոնային տարբերակով գրքերը ունեն մի շարք առավելություններ: Նախ, դրանք հնարավոր է անվճար գտնել, հնարավոր է համակարգչում մեծ թվով գրքեր պահել: Սակայն ես նախընտրում եմ թղթային տարբերակը: Էլեկտրոնային գրքերը կարդալուց շատ մարդկանց աչքերը հոգնում են, և նրանք չեն կարողանում երկար կարդալ:

Ո՞ր լեզվով եք ավելի շատ կարդում:

Հիմնականում ընթերցում եմ հայերենով, սակայն չեմ բացառում նաև ռուսերեն և անգլերեն լեզվով գրականությունը:

Այսօր ավելի քի՞չ են կարդում, քան նախկինում:

Մեր օրերում, կարծում եմ, երիտասարդության մեծամասնությունը գրքեր կարդում են, քանի որ դրա պահանջը ունեն: Շատերը գիրքը կարդում են տեղեկանալու և զարգանալու համար: Գիտելիքը մարդու ամենահզոր զենքն է, պետք է ամուր կառչել այդ զենքից:

Հիմնականում սիրում եք գիրք նվիրե՞լ, թե՞ ստանալ:

2008 թվականից Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Տարեցտարի գրախանութները, գրադարանները ակտիվորեն օգտագործում են առիթը, որպեսզի ևս մեկ անգամ հանրայնացնեն գրքերը և դրանց ընթերցանությունը: Գիրք կամ գրքեր նվիրում եմ՝ համոզված լինելով, որ դրանք հաստատ կծառայեն իրենց նպատակին:

 

Ըստ Ձեզ, այսօր ի՞նչ են ընթերցում Ձեր սերնդակիցները:

Երիտասարդները կարդում են թե՛ գեղարվեստական, թե՛ մասնագիտական գրականություն: Գրքերի հանդեպ սերը կարծում եմ, մեծ թափ առավ այն ժամանակ, երբ բռնկվեց համավարակը, և բոլորը անցան հեռավար ռեժիմին: Այդ ժամանակվանից ի վեր  թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների մոտ կարևորվեց ընթերցանության դերը:

Հայերենով մասնագիտական գրականություն այսօր հասանելի՞ է:

Այո, մասնագիտական գրականությունը և դրան առնչվող ցանկացած տեղեկատվություն կա իմ հարթակում՝ դիվանագետի գրադարանում՝ https://diplomaticlibrary.blogspot.com/ : Մասնագիտական գրականություն խորհուրդ կտամ նաև Արման Նավասարդյանի հիմնադրած կայքը (http://www.diplomat.am/)  ուսումնասիրեք, որտեղ բազմաթիվ դիվանագիտական հոդվածներ կան, և դիվանագիտությամբ բոլոր հետաքրքրված անձանց հաստատ կհետաքրքրեն:

 

Օլյա Շահինյան

136838