
«Մարդիկ կան, իրենց երկու տարվա վարձակալին, որը 200.000-ով վարձակալում էր երկար ժամանակ, էսօր կանգնում ասում են դուրս արի, թանկով տալիս եմ ռուսին»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Silver REA» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովը` խոսելով այն խաբեությունների շարքի մասին, որոնք սկսել են կիրառվել Հայաստանում` ռուսաստանցիների Հայաստան գալուց հետո, երբ սկսել են բնակարաններ վարձակալել:
Հարությունովը, սակայն, նման խնդիրների բախվելիս չի մեղադրում միայն սեփականատերերին.
«Շատ անգամներ իմ ծանոթներից զանգել ասել են, որ սեփականատերը վարձը բարձրացնում է: Սրա միակ մեղավորը մեր ժողովուրդն է, որ սովոր չի պայմանագիր կնքելու, ստորագրելու: Իրականում ոչ մի իրավական կարգավորում չկա իրենց միջեւ, դրա համար էլ շատ են լինում վարձը բարձրացնելու կամ ուղղակի բնակարանից վարձակալին հանելու դեպքերը»:
Նման դեպքերից խուսափելու համար «Silver REA» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրենը կոչ է անում հանրությանը` աշխատել կամ միայն տարիների փորձ ունեցող անշարժ գույքի գործակալությունների հետ, կամ բնակարան վարձակալելիս ճիշտ քաղաքականություն վարել. «Այսպիսի դեպքերից խուսափելու համար պետք է մեր ժողովուրդը միշտ հիշի, որ հենց առաջին օրվանից է պետք պայմանագիր կնքել, ոչ թե բանավոր պայմանավորվածություն ստեղծվի ու վերջ, բնական է` այս երկրորդի դեպքում ինչ ուզի կանի սեփականատերը»:
Անդրանիկ Հարությունովը նշեց, որ հաջորդ զայրացնող խնդիրն այն է, որ արտերկրում ապրող մեր շատ հայրենակիցներ, որոնք Հայաստանում բնակարան ունեն, երբ լսում են, որ հիմա Հայաստանում բնակարանների վարձակալման թվերը աստղաբաշխական են դարձել, զանգում ու խնդրում են իրենց բնակարանները «թանկով» հանձնել ռուսներին։ «Նման դեպքերում ես, իհարկե, համբերատար բացատրում եմ, որ իրենց լսած գներն անիրական են, որ եթե իրենց տան ամսական վարձը պայմանական արժե 500 դոլար, մենք կարող ենք այս ընթացքում իրենց բնակարանը հանձնել 600-700 դոլարով, դե սա էլ, բնականաբար, ստեղծված դեֆիցիտի հաշվին»,- ներկայացրեց Հարությունովը:
Հիմնադիր տնօրենի խոսքով, վարձակալության բարձր արժեք ունեցող շատ բնակարաններ շատ քիչ դեպքերում են գտնում իրենց հասցեատերերին.
«Ռուսաստանցիները գալիս են Հայաստան, ու մեծ հաշվով, այսպես ասած, դուրսն են մնում: Շատերն էլ ընտանիքով են գալիս, պետք է շտապ կացարան գտնել, ու այդ պահին ինչ գին էլ ասում են` նրանք համաձայնում են, որովհետեւ այլընտրանք չեն ունենում»:
Հանրության`ռուսաստանցիների հանդեպ նման վերաբերմունքը Հարությունովը կոպիտ սխալ է համարում.
«Ես այդ ամենը առիթից օգտվել եմ համարում, որն անչափ տգեղ է, մարդիկ չեն հասկանում, որ եթե Ռուսաստանից եկածները մեր երկրում իրենց կոմֆորտ չզգացին, ամեն քայլափոխի ինչ-որ մեկը սկսեց իրենցից օգտվել այս կամ այն ճանապարհով, թողնելու են գնան, դե դիմացն էլ զբոսաշրջային սեզոն է»:
Աննա Չիբուխչյան