

Կառավարությունը հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը: Կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Վահրամ Դումանյանն ասաց, որ 50 տոկոս ավելացման պարագայում եթե ուսուցչի միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացումը ևս չէր ապահովում մրցակցային, գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը, և առաջացավ դրույքաչափի փոփոխության մասին գաղափարը, և համապատասխան փոփոխություն արվեց օրենքում: «Այժմ առաջարկում ենք՝ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դառնում է 200 հազար դրամ, և կստանան 30-50 տոկոս հավելավճար` տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ: Այս ամենի նպատակն է ունենալ որակյալ ուսուցչական կազմ, բայց միայն այս կերպ չէ, որ որակը խրախուսում ենք»,- ասաց նա և նշեց, որ վերապատրաստման հետ կապված հարցերը ևս իրենց ուշադրության կենտրոնում են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կրթության մասին, ասաց, որ այսօր ցանկացած խնդիր, որի հետ առնչվում ենք՝ ցանկացած գյուղում, մտնենք այգին, ֆերմաներ, փոքր և միջին ձեռնարկություններ, ամենուր, որտեղ ինչ խնդիր տեսնում ենք, դա վերաբերում է կրթության ոլորտին: «Ցանկացած թերություն, որ մենք այսօր տեսնում ենք բոլոր ոլորտներում՝ սկսած անվտանգությունից, շարունակելով՝ դիվանագիտությամբ, պետական կառավարում, ամեն տեղ ինչ բաց տեսնում ենք, այդ բացի հետևից որ գնանք, հասնելու ենք կրթության մեջ ինչ-որ համակարգային խնդրի: Սրա համար կրթությունը մեզ համար հարցերի հարցն է, այսինքն՝ կա կրթություն, և կան մնացած բոլոր հարցերը: Մեր ընկալմամբ, կրթությունը ցկյանս պրոցես է, որը չի ավարտվում որևէ բուհում, դպրոցում, բայց նախնական դպրոցական կրթության և հանրակրթության ժամանակ առաջացած բացերը հետագայում ամբողջ կյանքում կարող է հնարավոր չի լինի լրացնել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր մենք լրջագույն խնդիր ունենք, և 2019 թվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ անգրագիտությունը սողացող ձևով վերադառնում է մեր հանրություն:
Վարչապետն ասաց, որ մինչև 2020 թվականը արձանագրել են, որ հանրակրթության ոլորտում այսօր կան ուսուցիչներ, որ տարբեր հանգամանքների բերումով ստանում են ամիսը 30 հազար դրամ աշխատավարձ, իսկ մաքսիմումը՝ 150-170 հազար դրամ աշխատավարձ:
«2021 թվականին 7 առարկաներ՝ 7-12 դասարաններում դասավանդող ուսուցիչներին հնարավորություն տվեցինք կամավոր ատեստավորվեն, և արդեն կախված նրանց հավաքած միավորներից՝ 478 ուսուցչի աշխատավարձերը 30-50 տոկոսով բարձրացան: Մենք հիմա ասում ենք, որ սկսած նախորդ տարվա ատեստավորումը անցած ուսուցիչներից, այսուհետ կամավոր ատեստավորում անցած բոլոր ուսուցիչների դրույքաչափը 108 հազարի փոխարեն կլինի 200 հազար դրամ, այսինքն՝ մայիսի մեկից կհաշվարկվի հետևյալ կերպ. նրանց 50 տոկոս հավելավճարը կհաշվարկվի ոչ թե նախկին դրույքից, այլ կավելանա 200 հազար դրամ գումարած դրա 50 տոկոսը: Սա նշանակում է, որ ատեստավորում անցած ուսուցիչները, որոնք նաև համապատասխան տարակարգ ունեն, մայիսի մեկից կարող են ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ»,- ասաց նա:
Վարչապետն ասաց, որ հաջորդ փուլերով բոլոր առարկաների համար այս ճանապարհը կբացվի, սա կնշանակի, որ ՀՀ բոլոր ուսուցիչները հնարավորություն կունենան օգտվել այս համակարգից, ատեստավորմանը մասնակցած ուսուցիչները նույնպես կարող են մասնակցել ատեստավորմանը:
Վարչապետը խոսեց նաև դպրոցների կառուցման հարցի մասին և կարևորեց նաև ճանապարհները, նա նշեց, որ աշակերտը դարուփոս ճանապարհներով չպետք է դպրոց գնա:
Մանրամասները՝ տեսանյութում