
Ընդդիմության մոտ մեկ ամիս տեւող «պայքարը» շարունակվում է։ Պնդում են` «նպատակը» Արցախի փրկությունն է, վստահեցնում` իրենք են այն քաղաքական ուժը, որը հանրության աջակցությունը ստանալուց եւ իշխանության գալուց անմիջապես հետո լուծելու է Արցախի «հարցն» ամենակարճ ու Հայաստանի համար շահեկան տարբերակով:
Araratnews.am-ը ընդդիմության ակցիաների նպատակի, նրանց միացող ցուցարարների թվի, ոստիկանական ուժի կիրառման, սպասվող զարգացումների եւ հնարավոր հանգուցալուծման մասին զրուցել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ:
Ընդդիմությունը հայտարարում է, որ իրենց պայքարը Արցախի փրկության համար է, ժողովուրդը պնդում` իշխանափոխության կռիվ է. Դուք, որպես քաղաքագետ, ի՞նչ եք կարծում, ընդդիմության մոտ 1 ամիս տեւող անհնազանդության ակցիաների վերջնանպատակը որն է:
Ամեն ինչ շատ պարզ է։ Փողոցում գտնվողները, իբր Արցախը փրկելու նպատակով, փողոցով են փորձում «ճնշել» իշխանությանը, բայց կարծես չեն ցանկանում առերեսվել իրականությանն ու ընդունել, որ այդ նույն իշխանությունը հնարավորություն տվեց իրենց` չակերտավոր «խորհրդարանական ընդդիմությանը», գալ նստել մեկ սեղանի շուրջ, ծանոթանալ իրավիճակին, հասկանալ, թե միջազգային հանրությունն ինչ է առաջարկում, դրան համարժեք Հայաստանը ինչ պետք է անի` շահեկան դիրքում հայտնվելու համար, բայց իրենք այս ամենից հրաժարվեցին, դուրս եկան փողոց ու սկսեցին «պայքարել»: Նույն «պայքարը» նպատակը կորցրեց այն ժամանակ, երբ Արցախից եկավ ընտրված նախագահը, լսեց Նիկոլ Փաշինյանի փաստարկներն ու դրանք համարեց հիմնավոր` ասելով` ընդունում են խաղաղության օրակարգը: Այս ամենից հետո, պարզ է, որ հանրային աջակցություն չեն ստանալու, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ այս պայքարը Արցախի փրկության պայքար չէ, սա սոսկ իշխանափոխության պայքար է:
Ընդդիմության «պայքարի» պարագլուխներից են Ալեքսանդր Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի որդիները, ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը, հայրենիքի «փրկիչներ» Լեւոն Երանոսյանը, Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը: Մյուս «փրկիչները» Գյումրիում տարեցների են ծեծում, ի դեպ ծեծողներից մեկը մեկ այլ պարագլխի` դաշնակցական Գեղամ Մանուկյանի որդին է, մարդկանց վրա շշեր են շպրտում, հայհոյում նրանց, ովքեր չեն միանում իրենց «պայքարին»: Ըստ Ձեզ, ներկա իշխանությունից դժգոհ քաղաքացիները ինչո՞ւ չեն միանում նրանց:
Առաջին պատճառներից մեկն այն է, որ այս մարդիկ փորձում են 2018 թ.-ի Հեղափոխությունը կրկնօրինակել, բայց դրանից առաջ մոռանում են մի կարեւոր բան. 2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանն, ի տարբերություն իրենց, ընդամենը ընդդիմադիր գործիչ էր, որը չուներ միլիարդներ՝ այդքան ցուցարար վարձելու եւ այդկերպ փողոց փակելու: Նա ընդամենը մեկ անգամ կոչ էր անում փողոց դուրս գալ, եւ մարդիկ հաջորդ վայրկյանին փողոցում էին: Իսկ հիմա «Հեղափոխություն» իրականացնողը միլիարդատերերի համախումբն է, իրենք, իհարկե, կարող են փողոց հանել 50.000 մարդ, բայց, ցավոք, դա վճարովի ծառայություն է: Տեսեք, հաճախ եթե անգամ փողոց դուրս է գալիս 5.000 քաղաքացի, ձնագնդիի էֆեկտ է առաջանում ու մասնակիցների աճ է գրանցվում, որովհետեւ, եթե դու ճնշում ես ամբոխին, այն ավելի ագրեսիվ է դառնում, բայց սրանց պարագայում, եթե 50.000 մարդ էլ փողոց դուրս գա, 50.000-ն էլ վարձկան են լինելու, ուստի այսկերպ նույն ձնագնդիի էֆեկտը չի գործելու, քանի որ վարձկանների շարան է: Հասարակությունը դեռ չի մոռացել 2004 թ.-ին Արցախից բերված հրոսակախմբի «Կոլցո» օպերացիայի իրականացումը Երեւանի կենտրոնում: Չի մոռացել նաեւ մարտի 1-ը, երբ այդ նույն հրոսակախմբին բերել էին, որ առանձնակի դաժանությամբ ջարդեին մարդկանց փողոցում, ով էր հեղինակը, նորից իրենք` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:
Ընդդիմությունը ժողովրդի կողմից խորհրդարան մտնելու որոշակի ձայներ է ստացել. ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ հիմա փողոցում անգամ իրենց ընտրողների 10 տոկոսն էլ չկա:
- Նախ նշեմ, որ հասարակության մի մասը նրանց հավատալով է ձայն տվել: Այս մարդիկ, երբ գնացել են խորհրդարան` ի սկզբանե ասել են` մենք հաշտվում ենք ընտրության արդյունքի հետ, վերցնում ենք մանդատը։ Սակայն, երբ հասան խորհրդարան, հանկարծ չհաշտվեցին արդյունքի հետ եւ խորհրդարանական լծակն սկսեցին օգտագործել իշխանափոխության համար: Այ հենց սրա համար էլ հասարակական հսկայական զանգված, որը նրանց ձայն է տվել կոնկրետ նպատակի համար, հիասթափված ու «նեղսրտած» մնացին:
Ընդդիմադիրները շատ հաճախ շահարկում են, թե իբր ոստիկանները ցուցարարներին բերման ենթարկելիս «կոպիտ» են վարվում վերջիններիս հետ: Առնվազն վերջին 20 տարում, կհիշե՞ք այսպիսի ոստիկանական համակարգ:
Իմ կյանքի տարիները հաստատ ներում են, որ հիշեմ, թե ինչպիսին էր ոստիկանական համակարգը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, թե ինչպես էին ծեծում մարդկանց փողոցներում, ինչպես էին վարվում կանանց հետ, ուստի այդ ամենը տեսնելուց հետո, այսօրվա ոստիկաններն ինձ հիշեցնում են կոնսերվատորիայի ջութակի համույթին: Մեր երկրում իրավապահ համակարգը իրոք անհամարժեք է գործում։ Անհամարժեք, որովհետեւ, երբ մեր երկրում կանգնում ու ընտրված իշխանությանն ասում են` սրանց պետք է հեռացնել տեռորով, եւ դրանից հետո շարունակում են շնչել, կոպտագույն սխալ է: Քոչարյանն ու Սերժը հասարակությանն այն եզրին են հասցրել, որ երբ մարդիկ տեսնում են ինչ-որ տեղ էլ ոստիկանը մի փոքր կոպիտ է վերաբերվում, ողջունում են ու մեղադրում, որ դրանց չեն սատկացնում, որովհետեւ չեն հավատում, որ իրենց արյունը 20 տարի խմածները հիմա խոր քնից արթնացել ու փրկություն են քարոզում:
Շատերը պնդում են, որ փողոցում գտնվողները նոր Մարտի 1 են հրահրում, նման շարունակություն տեսնո՞ւմ եք:
Ինձ համար կարմիր գիծ է թե ահաբեկչությամբ ու հայի արյուն թափելով իշխանության գալը, թե արյուն թափելով իշխանությունը պահելը: Բայց մի բան հստակ է` իշխանությունն այսօր պետք է ամեն հնարավոր լծակ օգտագործի, որ հնարավորինս կանխի այն: Փաստ է, ընդդիմությունը վստահաբար կձգտի հայի արյուն թափել, որ արդարացնի իր ազգակցին թուրք կոչելը, ասի` տեսեք, թուրքի արյուն եմ թափել, իսկ դա պատվի հարց է: Ցավալի է, բայց փաստ` Ադրբեջանի ՊԱԿ-ի (КГБ) կողմից հավաքագրված Նարիմանովը (Սերժ Սարգսյան- հեղ.) եւ թուրքի ճամպրուկ քարշ տվող Սայիդիչը (Ռոբերտ Քոչարյան- հեղ.) եկել են այսօր Երեւանի կենտրոնում թուրք են ման գալիս. ժողովուրդ ջան, մենք գտել ենք, Դուք թուրքի սպասարկու եք:
- Ներկա քաղաքական իրավիճակի ինչ հանգուցալուծում եք տեսնում:
- Ինչքան հասարակությունն իրենց չի պաշտպանում, այնքան իրենք դառնում են ավելի ագրեսիվ, որովհետեւ իրենց միտքը կյանքի կոչելու որեւէ հնարավորություն չեն տեսնում: Պաշտոնի կռիվ են չէ՞ անում, է, թող գնան խայտառակվելու մինչեւ վերջ։ Խորհրդարանում կխայտառակվեն, թե փողոցում, միեւնույն է, իրենց մոտ ոչինչ չի ստացվելու: Մի հատ իրենց հարցրեք` հայոց այբուբենի բոլոր տառերը գիտե՞ն, կարո՞ղ են գրել, էդ գրագիտության մակարդակո՞վ են բանակցելու Ռոբերտն ու Սերժը։ Իբր իրենք խոսել գիտեն` մնացել է բանակցելը, եւ ուզում են դրան էլ հավատան: Չեն հաջողելու, այսօր մարդիկ չեն միանում նրանց։ Անգամ նրանք, ովքեր օրվա հացի կարոտ են` գումարով չեն միանում նրանց, փառք ու պատիվ իրենց:
Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ