Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքն ու Հանրապետության հրապարակը կունենան նոր լուսավորություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատանքներն արդեն սկսված են:
«Նախ ասեմ, որ հրապարակում առկա շենքերի գեղարվեստական լուսավորության հետ որևէ փոփոխություն տեղի չի ունենալու: Այստեղ փոփոխությունը կապված է շենքերի տանիքների վրա տեղադրված լուսարձակների հետ: Ներկայիս գործող լուսարձակները բավական հին են, մի մասը չի աշխատում: Նախատեսվում է եղածները փոխարինել նորերով, ինչպես նաև ավելացնել դրանց թիվը»,-ասաց Արմեն Հարությունյանը:
Լուսարձակները, որոնք համապատասխանում են ժամանակակից պահանջներին, գործարկվելու են տոնական օրերին, համերգային միջոցառումների ժամանակ, որ ինչպես հրապարակն, այնպես էլ հարակից փողոցներն ունենան շատ ավելի լավ լուսավորություն: Ընդհանուր առմամբ, տեղադրված է լինելու շուրջ 20 նոր լուսարձակ: Էներգախնայող ու ժամանակից լուսարձակներով Հանրապետության հրապարակն ավելի վառ տեսք կունենա:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի պարագայում նախատեսված է փոխել գեղարվեստական լուսավորությունը: Արմեն Հարությունյանը նկատեց, որ եղած լուսարձակները, լուսատուները բավական հին են ու այսօրվա տեխնիկական չափանիշներին չեն համապատասխանում:
«Շատ լուսարձակներ վնասված են, սպասարկման առումով էլ բարդ պրոցես է: Այժմ փոխվելու է ամբողջ ճարտարապետական լուսավորությունը: Կրկին այս աշխատանքներում առկա է էներգախնայողության բաղադրիչը»,-ասաց Արմեն Հարությունյանը: Աշխատանքը նախագծային փուլում է, որն ավարտելուց հետո, կհայտարարվի մրցույթ: Հանրապետության հրապարակի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի լուսավորության աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ: Վերջնարդյունքում Երևանի կենտրոնն ունենալու է ավելի վառ լուսավորությամբ շենքեր ու փողոցներ:
Արմեն Հարությունյանն ընդգծեց՝ Երևանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ լուսատուները լինեն էներգախնայող: Նրա խոսքով՝ ամեն տարի լուսավորված շենքերի քանակն ավելանում է և հիմնականում ձեռք են բերվում էներգախնայող լուսատուներ: Աշխատանքները շարունակական են լինելու: