Վերջին օրերին Երևանի կենտրոնի ամենակոլորիտային շենքի ճակատագրով մտահոգված շրջանակները, որոնք սնվում և ուղղորդվում են հիմնականում երկրորդ նախագահի դրամապանակից, թերևս մոռացել են հենց իրենց սնուցողի կառավարման տարիներին իրականացված պետական գույթի դասական թալանի մասին։

Եվ այսպես՝ մի փոքր հիշեցում, թե ում քավորությամբ պետական գույքը դարձավ օտարի, մասամբ էլ տանզանիաներում որսի սիրահարի սեփականությունը։
Ուղիղ 20 տարի առաջ, 2002 թվականի նոյեմբերին, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը: Նորանկախ Հայաստանի պատմության թերևս ամենախայտառակ պայմանագիրը, որի կնքահայրն այսօր ձևանում է պետական գույքի համար իբր խիստ անհանգստացող։

Եվ այսպես, 20 տարի առաջ մեծ քննարկումների և քննադատությունների արժանացած համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, որոնք, որպես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, վարել էին բանակցությունները:

Այդ պայմանագրով 1994-1998 թվականներին կուտակված մոտ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող 5 օբյեկտ՝ Հրազդանի ջերմակայանը՝ առանց 5-րդ բլոկի, «Մարս» գործարանը և 3 ընկերություններ՝ Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները:

90 ականներին 5,5 հազար դոլարով սեփակաշնորհված Երևանի կենտրոնում գտնվող մի պատի համար այսօր աղմուկ բարձրացնող Քոչարյանի բանակը՝ Հայաստանի 5 կարևորագույն ռազմավարական օբյեկտները հանձնեց ընդամենը 95 մլն դոլարով։ Սա պետական գույքի թալանի, ժողովրդի և պետության ունեցվածքը խլելու դասական օրինակ է։

Իսկ հիմա ևս մեկ ուշագրավ փաստ- հիշեցում երկրորդ նախագահի ֆան ակումբի անդամների համար։ 2013-ին կառավարության որոշմամբ պարտքի դիմաց հանձնված օբյեկտներից երկուսում՝ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ» տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ։ «Սիտրոնիքսը» ռուսական «Սիստեմա» ընկերության դուստր կազմակերպությունն է։ Իսկ հիմա ուշադրություն՝ Ռոբերտ Քոչարյանն այդ կազմակերպության գործադիր տնօրենների ցանկում է:

Հիմա բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի երկրպագուների բանակը՝ կսկսի արդարացնել 20 տարի առաջ կնքված այդ խայտառակ համաձայնագիրը։ Կսկսեն ավանդական պատմությունները, թե իբր Հայաստանի համար ծանր շրջան էր, եկել էր պարտքը մարելու ժամանակը և այդ ժամանակաշրջանի իշխանությունը ստիպված գնաց այդ քայլին։ Առաջին հայացքից սա կարող է արդարացի պատճառ թվալ։ Սակայն առաջանում է ուշագրավ հարց։ Ինչո՞ւ և ինչպես է ստացվում, որ այդ գործարքից տարիներ անց՝ Ռոբերտ Քոչարյանն ընգրկվում է մի կազմակերպության տնօրենների ցանկում, որն ուղղակի կապ ունի պարտքի դիմաց հանձնված օբյեկտների կառավարման հետ։ Գործարքը կնքվել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման սկզբնական տարիներին, այսինքն հենց այն ժամանակ, երբ սկսեց ոչ թե երկիրը ծաղկել, այլ Քոչարյանի դրամապանակը։

Հիմա, այսօր պետական աշխատավարձով դոլարային միլիոնատեր դարձածները հանկարծ սկսել են անհանգստանալ պետական գույքի համար, սկսել են լացուկոծ կապել մի շինության համար, որը փրկվել է ոչնչացումից, որը չի տրվել օտարին, որը մնացել է Երևանի կենտրոնում ու դարձել է Երևանի զարդերից մեկը։

1607