
Այսօր Երևանի ավագանին որոշում ընդունեց Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ:
Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց նախագիծը և պարզաբանեց, որ առաջարկվում է նիստերին օրակարգի նախագիծը ներկայացնելիս, քաղաքապետի կողմից, ըստ անհրաժեշտության, նախապես նշվեն այն հարցերը, որոնք, ըստ քաղաքապետի, կարող են քննարկվել չզեկուցվող ընթացակարգով:
Նա նշեց, որ եթե ավագանու անդամներից մեկն առաջարկում է չզեկուցվող հարցերից մեկը դարձնել զեկուցվող, այդ առաջարկը առանձին կդրվի քվեարկության: Այնուհետև նախապես քվեարկությամբ կընդունվեն չզեկուցվող հարցերը:
«Նիստը վարողի, խմբակցության ղեկավարի առաջարկությամբ և ավագանու որոշմամբ ընդմիջում կարող է չանցկացվել կամ անցկացվել այլ ժամերի և տևողությամբ, ինչպես նաև կարող է անցկացվել լրացուցիչ ընդմիջում»,- ասաց նա և նշեց, որ սա վերաբերում է թե հերթական, թե արտահերթ նիստերին:
Այսպիսով, ըստ նախագծի հեղինակների, փոփոխությունը արվում է նիստերն ավելի կանոնակարգված և բովանդակային դարձնելու համար: Սակայն այս հարցն առաջացրեց ընդդիմության դժգոհությունը, քանի որ նրանք կարծում էին՝ քննարկումները արդյունավետ են, և մտավախություն ունեին, որ կարող է քաղաքացիներին հայտնի չլինեն չզեկուցվող որոշումները: Նրանց ներկայացվեց, որ խնդիրը քաղաքացիներից որևէ բան թաքցնելու մեջ չէ, քանի որ չզեկուցվող հարցերն էլ հրապարակային են լինելու, այլ այս որոշումում հնարավոր է լինելու քաղաքացիների և ավագանու անդամների ժամանակը խնայել:
Այսպիսով հարցը դրվեց քվեարկության և ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. 30 կողմ, 15 դեմ, 8 ձեռնպահ: