ԱՀ նախագահի իրավապահներին իջեցրած հանձնարարականը՝ ֆինանսական խարդախությունների մեջ ներգրավված անձանց վեր հանելու և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ՝ պետությանը հասցված վնասը փոխհատուցելու պահանջով, պայմանավորված է մի քանի օբյեկտիվ պատճառներով, araratnews.am-ի հետ զրույցում նշեց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։ «Առաջին հերթին վերոնշյալ կառույցների գործունեության նկատմամբ հանրային դժգոհություններով և անվստահության մթնոլորտով, ինչը ճգնաժամային պայմաններում էլ ավելի էր սրվել։

Այնուամենայնիվ դա իրավական գործընթաց է և համապատասխան կառույցների կողմից օրենքով իրենց վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման համար առանձին հատուկ հանձնարարական պետք չէ, այսինքն պետք է իրենց գործը այնպես անեն, որ դրա կարիքը չլինի»,- նշեց քաղաքագետը։ Նա նշեց, որ ճգնաժամային պայմանները չեն ազդել իրավապահների ֆունկցիոնալ առանձնահատկությունների վրա՝ հույս հայտնելով, որ պատշաճ աշխատանքի դեպքում նախագահի հանձնարարականը կկատարվի։ «Ես կարծում եմ, որ հնարավոր մեղավորներին բացահայտելու և պետությանը հասցված վնասը վերականգնելու դեպքում, Արցախում հանրային մթնոլորտը որոշակիորեն կառողջանա։ Բայց իրականում բոլորս էլ գիտակցում ենք, որ սոցիալական խնդիրները շատ ավելի խորը հիմքեր ունեն և դրանց լուծման համար պետք է համապարփակ ծրագրային աշխատանք»,- եզրափակեց Ազիզյանը։

Նշենք, որ օրերս ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ հանձնարարական իջեցրեց իրավապահներին՝ բացահայտել պատերազմից հետո անհարկի փոխհատուցումներ ստացած տնտեսավարողներին, օրենքի սահմաններում նրանց ենթարկել պատասխանատվության և վերականգնել պետությանը հասցված վնասը։ Խոսքը մասնավորապես վերաբերվում է ՀԷԿ-երի սեփականատերերին և այն տնտեսավարողներին, որոնք փոխհատուցում են ստացել Արցախի Ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցման հիմնադրամներից և այդ գործընթացում չարաշահումներ են թույլ տվել։

InfoPort.am-ի արցախյան աղբյուրների պնդմամբ, իրավապահները նախագահի հանձնարարականի իրագործումը արդեն սկսել են, արդյունքում չեն բացառվում աղմկահարույց բացահայտումներ։

773