Կառավարությունը հաստատեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը:

«Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն նախատեսված է, որ պետք է ձևավորվի Ակադեմիական քաղաք, որը կհանդիսանա որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր։

Նախատեսվում  է, որ Ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից, որտեղ տեղակայված կլինեն, համապատասխանաբար, արվեստների ուղղության համալսարանը, տեխնոլոգիական ուղղվածության համալսարանը, իսկ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածության բուհեր, այնպես էլ հյուրընկալել միջպետական ու մասնավոր բուհեր։ Այստեղ համապատասխան քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային ստադիոնի տեղակայման հարցը։ Նման մեծածավալ ծրագրի իրականացումը պահանջում է իրականացնող կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի իրականացման ամբողջ շրջափուլում՝ նախապատրաստումից մինչև բուն իրականացման գործընթաց, այնուհետև նաև ակադեմիական քաղաքի կառավարում։ 

Այս որոշմամբ հիմնադրվող «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու է Ակադեմիական  քաղաքի ստեղծման աշխատանքները։ Նախնական փուլում հիմնադրամին ամրացվելու են Ակադեմիական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա նշեց, որ այսպիսով Ակադեմիական քաղաքի հարցը ֆիզիկական մասով տեղափոխվում է գործնական փուլ, որին հաջորդելու են նաև հայեցակարգային աշխատանքների փուլը, ինչի ընթացքում կվերջնականացվեն Ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների և բուհերի կառուցվածքն ու կառավարման ձևերը։

«Այս որոշմամբ մենք նոր էջ ենք բացում մեր երկրի պատմության համար, որովհետև սա թերևս ամենակարևոր և ռազմավարական ներդրումն է և ծրագիրն է, որը մենք դեռ պետք է իրականացնենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

2118