Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել: Նա քննադատում է Էրդողանի քաղաքականությունը և կոչ անում երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել: Արդյոք այս հայտարարությունը կապ ունի Արցախի պատերազմի հետ։ Այս մասին AraratNews-ը զրուցեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Պարո՛ն Սաֆրաստյան, ինչպե՞ս է Թուրքիայի իշխանությունը Արցախյան պատերազմը հրամցնում իր հանրությանը, ինչպե՞ս են թուրքական հասարակությունն ու ընդդիմադիր ներքաղաքական շրջանակները վերաբերվում այս ամենին:
Թուրքիայի քաղաքական կուսակցությունները սատարում են Էրդողանին, նրա քաղաքականությունը: Դավութօղլուն եւս աջակցում է Էրդողանին, նրա քաղաքականությանն այս պատերազմին: Ինչ վերաբերում է թուրքական հասակակական շրջանակներին, ապա 2016 թ-ի հեղաշրջման փորձը ճնշելուց հետո Էրդողանն այնպիսի վախի մթնոլորտ է հաստատել, որ մարդիկ վախենում են, այլընտրանքային մոտեցումներ չեմ լսել, բացի Կարո Փայլանից: Ինչ վերաբերում է արտերկրում ապրող թուրք լրագրողներին, ապա նրանք ընդհանուր առմամբ պաշտպանում են Թուրքիայի մոտեցումը՝ Ադրբեջանին պաշտպանելը, համամիտ են՝ Արցախն Ադրբեջանի մաս է: Սակայն քննադատում են Թուրքիայի իշխանությանը պատերազմում չափից ավելի ներգրավվելու համար: Իսկ Դավութօղլուի՝ արտահերթ ընտրությունների պահանջը, ներքին քաղաքական հաշվարկ է, Էրդողանը այն մերժել է: Ավելին՝ Դավութօղլուի կուսակցությունն ունի հասարակության 3-4 տոկոս աջակցությունը:
Կկարողանա՞ միջազգային հանրությունը զսպել Թուրքիայի ակտիվացումը մեր տարածաշրջանում, հասնել մի վիճակի, որ Անկարան անգամ ռազմական առումով չաջակցի Ադրբեջանին:
Մինսկի խումբը բացարձակ չի ցանկանում տեսնել Թուրքիային իրենց կողքին: Հայաստանի մասին էլ չասեմ: Թուրքիան չի դառնա Մինսկի խմբի համանախագահ եւ միջնորդ: Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ նոր ձեւաչափ ստեղծելու առաջարկին, որտեղ պետք է ինքը եւ Ռուսաստանը ներգրավվեն, ապա դա Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումների արտահայտումն է: Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ հավասար է: Բայց Ռուսաստանը չհամաձայնեց դրան: Թուրքիան փորձեց դա այստեղ արտահայտել ուժով՝ հրահրելով պատերազմ, բայց դա էլ չստացվեց:
Թուրքիան ստեղծել է բոլոր նախադրյալները՝ զենքով, պլանավորմամբ, այս պատերազմին մասնակցելու: Ադրբեջանում կան ոչ միայն թուրք սպաներ, որոնք ղեկավարում են Ադրբեջանի բանակի գործողությունները, այլեւ տեղակայված են հայերեն եւ ռուսերեն ուսումնասիրած՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ, կրում են Ադրբեջանի բանակի համազգեստներ, փորձում են խուսափել երեւալուց: Դե, վարձկանների մասին էլ չասեմ, որոնց Թուրքիան ուղարկել է այստեղ: Այդ բաշիբոզուկները մարդասպաններ են: Ի դեպ, մի փաստ էլ եմ ուզում նշել: 30-40.000 վարձկանների մի մասը թյուրքալեզու է: Նրանց մասնակցությունն այս պատերազմին միակ դեպքն է, երբ իրականացնում են իրական ջիհադ՝ կռվում են քրիստոնյաների դեմ: Այդ պատճառով էլ նրանց դաժանություններն ավելի են մեծանում: Թուրքիան գիտակցաբար հայ ժողովրդին հայտարարել է ջիհադ, որն անում է՝ ցեղասպանությունը շարունակելու համար:
Առայժմ միայն Սաուդյան Արաբիան է տնտեսական պատժամիջոցներ կիրառում Թուրքիայի դեմ, իսկ միջազգային հանրությունը կոչերով է բավարարվում: Ե՞րբ կլինեն տնտեսական ռեալ հարվածներ Թուրքիային:
Եվրամիությունը պատժամիջոցները հետաձգել է՝ Թուրքիայի լկտի պահվածքի հետ կապված, որը վերաբերում է Միջերկրական ծովի արեւելյան շրջաններում գազի պաշարներ որոնելուն: Եվրամիությունը պարալիզացված է, այնտեղ Թուրքիայի դաշնակիցներ շատ կան: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա 1,5 տարի առաջ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ վեճ առաջացավ պատվելի Բրանսոնի՝ հոգեւորականի հետ կապված: Թուրքիան նրան մեղադրել էր լրտեսության համար, ցանկանում էին նրան փոխանակել Գյուլենի հետ: ԱՄՆ-ը չհամաձայնեց, պահանջեց վերադարձնել Բրանսոնին: Թուրքիան մերժեց: ԱՄՆ-ը մի քանի օր պատժամիջոցներ կիրառեց, որն ունեցավ կործանարար հետեւանքներ: Ինֆլյացիան հասել էր 40 տոկոսի՝ ըստ գաղտնի տվյալների: Դրանից հետո Էրդողանը սուսուփուս Բրանսոնին ուղարկեց ԱՄՆ, որից հետո նա վերացրեց պատժամիջոցները: Եթե ԱՄՆ-ը ցանկանա, կարող է Թուրքիայի տնտեսությանը մեծ վնասներ հասցնել, ճնշում գործադրել, հատկապես հիմա դժվարություններ կան, կարող է անել: Ի դեպ, ասեմ նաև, որ այս տարվա 2-րդ եռամսյակում Թուրքիայի տնտեսությունն անկում է ապրել 10 տոկոսով:
ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու առումով Հայաստանն անելիքներ ունի՞:
Հայկական լոբբին ինչքան էլ կարողանում է ազդեցություն ունենալ Սենատում, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, բայց շատ դժվար է ազդել ԱՄՆ-ի քաղաքականությանը: ԱՄՆ-ն ունի իր հաշվարկները: Հույսեր կապենք Ջո Բայդենի՝ դեմոկրատների հետ, որոնք ավանդաբար կապված են հայերի հետ: Գուցե կոշտ քայլեր ձեռնարկեն Թուրքիայի դեմ:
Թուրքական լիրան եւս իջել է պատերազմի օրերին:
Այո: Բայց դա կառավարելի է, կատաստրոֆիկ չէ, ինչպես ԱՄՆ պատժամիջոցներն էին: Արտասահմանյան արժույթի Թուրքիայի պաշարները պակասում են, բայց դա երկարաժամկետ ազդեցություն կունենա:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Արցախի դեմ, որին մասնակցում են Թուրքիան, վարձկան ահաբեկիչները: Ադրբեջանը երկու անգամ խախտել է հոկտեմբերի 10-ին, 18-ին ձեռքբերված հումանիտար հրադադարը: Ադրբեջանը թիրախավորում է լրագրողներին, խաղաղ բնակչությանը, մշակութային կառույցներն անթույլատրելի զինատեսակներով:
Սոնա Դավթյան