Հայաստանի պատմությունը երբեք այսքան անհաջող ընդդիմություն չէր ունեցել։ Հիմա էլ` Հայաստանի համար այս ծանր, վճռորոշ ժամանակաշրջանում որոշել է «Հայաքվե» կազմակերպել։

Ներկայացնենք, թե ինչ կործանարար կարող է  լինել այն մեր երկրի, պետականության համար։

Այսպես կոչված «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել էր, թե շարժումը սկսել են որպես համազգային-համապետական գործընթաց, որի նպատակը, ըստ նրա՝ բանակցային գործընթացում պետության կարմիր գծերը շեշտելն է, նշելով. «Մենք մեր սահմանադրական կարգն ամրապնդում ենք սրանով, և բանակցային գործընթացը պետք է հենվի սահմանադրական կարգի վրա»։ Նրա խոսքով՝ ստորագրահավաքը սկսել են, որպեսզի Փաշինյանի հայտարարությունները իրավական ամրագրում չստանան:

Ընդդիմության ցույցերի ընթացքում ուսանողներին ցույցերին մասնակցելուն շահագրգռելու համար մեղադրվող Չալաբյանը և, առհասարակ, այդ գործընթացին աջակցող ընդդիմադիրները մոռանում են, որ դեռ 1992թ․-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը անընդունելի էր համարել միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլիներ որպես  Ադրբեջանի մաս, բայց հետագայում բանակցությունները գնացել էին հակառակ ճանապարհով և այդ գործում անուրանալի են եղել Քոչարյանի և Սարգսյանի ջանքերը։

 

Ընդդիմադիրներին հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում պետք էր զենքը բռնած սահմաններ գծել, կամ ավելի ճիշտ՝ մինչ պատերազմը` իրենց իշխանության տարիներին էր պետք մեր սահմանները կարմիր գծով գծել, դիրքերը ամրապնդել և Զինված ուժերը ապահովել անհրաժեշտ միջոցներով։ Բայց ոչ միայն դա չեն արել, այլ նաև պատերազմի սկզբում պնդեցին, թե չպետք է դադարեցնել պատերազմը, որ իրենք գնում են կռվելու, բայց ընթացքում, եթե ոչ ի սկզբանե, դավաճանաբար հարվածեցին թե՛ կռվող զինվորի, թե՛ պետութան մեջքից, դավադրաբար պնդելով, թե հողերն արդեն ծախած են` զինվորներին հետքաշվելու հրաման տալիս։ Ապա ԱԺ ու Կառավարության շենքերում ջարդարարությամբ ցույց տալիս իրենց հայրենասիրությունը։

Հիմա էլ ձեռագիրը նույնն է։

Կարծում ենք, կարիք չկա երկար-բարակ բացատրելու, թե այս պահին բանակցային գործընթացը որքան նուրբ թելից է կախված, և որ պատերազմից մեկ է պակաս։ Գիտակցելով այս ամենը` հայկական կողմը բանակցություններով փորձում է ամեն կերպ զսպել Ադրբեջանին, ցույց տալ, որ Ադրբեջանի դիրքորոշումն է դեստրուկտիվ, որն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիր չստորագրելու համար։

Այսպիսով` ընդդիմության հերթական շարժումը դարձյալ ուղղված է Ադրբեջանին օգնելուն, նրա քայլերը արդարացնելուն եւ Հայաստանը կործանելուն։

Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ Հայաստանն Արցախի հարցում գրեթե ոչինչ չի կարող որոշել, ապա հիմա նման քայլերը շատ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ և Ադրբեջանին տալ քարտ-բլանշ՝ Հայաստանի տարածքի վրա հարձակվելու և դա արդարացնելու Հայաստանի ներսում ծավալվող ծավալապաշտական նկրտումները զսպելու միջոց։

1778