Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հուլիսի 15-ին Բրյուսելի եռակողմ հանդիպմանը և նշեց, որ այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց:

«Մեր համոզմունքը եղել և շարունակում է  մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների՝ այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, էթնիկ զտումների իրականացումն է»,- ասաց նա և նշեց, որ հիմա դա կոնկրետ ծրագրով իրականացնում են:

Վարչապետը հայտնեց, որ Բրյուսելում հանդիպմանը վերահաստատվել է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը:

«Բրյուսելի հանդիպումից, ինչպես տեսնում եք, շատ կոնկրետ արդյունքներ չեմ կարող ներկայացնել, այդուհանդերձ, բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ և պետք  է փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր  գործադրել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց Արցախի հումանիտար վիճակը միջազգային ասպարեզում ներկայացնելը: «Այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է և բոլոր ջանքերը պետք է գործադրել»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

391