Օգոստոսի 23-ի գիշերը Մոսկվայում անօդաչու թռչող սարքը մխրճվել է «Москва-Сити» կառուցվող շենքի մեջ։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ «կից երկու հինգհարկանի շենքերում մի քանի ապակիներ են կոտրվել»։ Ըստ նրա, զոհեր և վիրավորներ չկան։ Պատճառված վնասի չափը գնահատվում է։
Ըստ տեղեկությունների՝ անօդաչու թռչող սարքը հարվածել է One Tower անավարտ բնակելի երկնաքերին ու վնասել ճակատի մոտ 100 մ²։
Անօդաչու սարքերի մասին լուրերի ֆոնին Մոսկվայի օդանավակայանները հերթական անգամ դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը։
Եվս երկու անօդաչու թռչող սարք, ասել է Սոբյանինը, խոցվել են Մոսկվային մոտենալիս՝ Մոսկվայի մարզի Մոժայսկի և Խիմկիի շրջաններում: Խիմկիում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունները, անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են առանձնատունը, որի տանիքը մասամբ փլուզվել է, իսկ պատուհանները՝ փշրվել, ինչպես նաև ոչ բնակելի շինություն՝ խանութներով։ Տուժածներ չեն եղել։