
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1000 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են՝ 750 մարդ։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ 745 խաղաղ բնակիչներից բացի, որոնք հիմնականում զոհվել են զանգվածային սպանությունների ժամանակ, սպանվել են նաև կառավարական անվտանգության ուժերի 125 աշխատակից և Ասադի 148 կողմնակից:
Ալավիական գյուղերի և փոքր քաղաքների բնակիչները պատմել են, որ զինյալները փողոցներում կամ իրենց տների դարպասների մոտ գնդակահարել են ալավիներին, որոնց մեծ մասը տղամարդիկ են եղել: Բազմաթիվ տներ թալանվել են, տեղի են ունեցել զանգվածային հրկիզումներ: Լաթաքիա քաղաքի շրջակայքի մեծ մասում անջատվել է էլեկտրականությունն ու խմելու ջուրը։
Բռնությունից ամենաշատ տուժած քաղաքներից մեկի՝ Բանիյասի բնակիչները պատմել են, որ դիակները թափված են եղել փողոցներում կամ անթաղ մնացել են տներում և տանիքների վրա, և գրոհայինները չեն թողել, որ նրանց վերցնեն և թաղեն:
Սիրիայի պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով պաշտպանության նախարարության չներկայացված պաշտոնյային, հաղորդում է, որ կառավարական ուժերն իրենց հսկողության տակ են առել Ասադի կողմնակիցներից ազատագրված տարածքների մեծ մասը:
Լրատվամիջոցի տվյալներով, իշխանությունները փակել են ծովափնյա շրջան տանող բոլոր ճանապարհները՝ «խախտումները կանխելու և կայունությունը աստիճանաբար վերականգնելու համար»։