
Լարվածությունն իհարկե պահպանվում է, ըստ էության մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածության:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Հայաստանի սահմաններին մենք մի քանի անգամ տեսել ենք ներխուժումներ:
Ակտիվորեն աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ: Պետք է շարունակենք այսպես աշխատել, մինչև որ կառուցողական դաշտ գա Ադրբեջանը, որովհետև մենք վստահաբար ուզում ենք խաղաղություն, բայց ուզում ենք երկարատև խաղաղություն»,- ասել է նա:
Միրզոյանը նշել է, որ իրենք համոզմունք ունենք, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր խնդիրները պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի և պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև, և մնացած բոլորը աշխարհում կարող են միայն աջակցող դերակատարում ունենալ:
«Հիմա, ինչո՞ւ միջազգային մեխանիզմ՝ որովհետև մենք կարծում ենք, որ նույնիսկ եթե այդ երկխոսությունը սկսվի պաշտոնական Բաքվի և Ստեփանակերտի միջև, միևնույն է՝ մնալով երկուսով սենյակում, Բաքուն փորձելու է ուլտիմատիվ կերպով վարել այդ խոսակցությունը, թելադրել պահանջներ, պայմաններ, և չեմ կարծում, որ մեծ և՛ իրական, և՛ անկեղծ երկխոսություն կունենա, եթե չլինի միջազգային ներկայություն, կամ նույնիսկ ես կարող եմ կասկածել նաև այդ հանդիպումների, երկխոսության շարունակականության վրա: Եվ այստեղ է, որ պետք է որևէ միջազգային մեխանիզմ»,- ասել է նա: