Ինչպես արդեն հայտնել էինք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ի արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝

 

«Քաղաքացիական պայմանագիր» -  32.57%՝ 24 մանդատ,

«Ազգային առաջընթաց» - 18.89%՝ 14 մանդատ,

«Մայր Հայաստան» - 15.43%՝ 12 մանդատ,

«Հանրապետություն» - 11.32%՝ 8 մանդատ,

«Հանրային ձայն» - 9.68%` 7 մանդատ։

Քանի որ 50%-ից ավելի ձայն որևէ ուժ չի ստացել՝ Երևանի նոր ձևավորվելիք ավագանին պետք է կոալիցիոն ճանապարհով գնա և քաղաքապետ ընտրի գաղտնի քվեարկությամբ։

 

Ավագանու խմբակցություններն իրենց թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրում են որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու և համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին:

Նշենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 44-րդ հոդվածը սահմանում է հետևյալը՝

«Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները:

Երկրորդ փուլում քաղաքապետ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին»:

Հոդվածը սահմանում է, որ քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

Իսկ եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա վերջինս ընտրվում է քաղաքապետ, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայները ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից։

Հիշեցնենք, որ տարբեր քրեական գործերով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն»-ը Հայկ Մարությանին և Ռոբերտ Քոչարյանի խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանին առաջարկել է միավորվել՝ ընտրել քաղաքապետ և Երևանում տապալել գործող իշխանությանը։ Սակայն մինչ այս պահը ո՛չ Մարությանը, ո՛չ էլ Թեւանյանը չեն արձագանքել այս առաջարկին, թեպետ Մարությանը դեռ քարոզարշավի ընթացքում բացառել էր ներկա կամ նախկին իշխանության հետ համագործակցությունը։

 

845