Խորը վշտով հայտնում ենք, որ համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։

——————— 

Հարություն Թոփիկյան դիրիժորի խմբավարական գործունեությունը սկսվել է դեռևս 1976թ.-ին՝ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի ղեկավարությամբ:

1973թ.-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1982թ. Թոփիկյանը արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության պետական մրցանակի:

1983-1991թթ. Թոփիկյանը ղեկավարել է Երևանի պետական համալսարանի «Կոմիտաս» երգչախումբը, որը մեծ հաջողությամբ հանդես է եկել միջազգային ասպարեզում. 1987թ. Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած «UVENTUS» հեղինակավոր մրցույթին, 19 միութենական երգչախմբերի մեջ, «Կոմիտաս»-ը գրավել է առաջին տեղը:

1989-1991թթ. Թոփիկյանը եղել է «BRIDGES OF SONG» միջազգային փառատոնի կազմակերպիչ-անդամ: 1991թ. Էստոնիայի Տալլին քաղաքում կայացած «BRIDGES OF SONG TALLINN 91» փառատոնին արժանացել է 20.000-անոց երգչախումբը ղեկավարելու պատվին՝ կատարելով «Հայրապետական օրհներգը»:

1991-1994թթ. Լիբանանի Բեյրութ քաղաքում վերակազմավորել և երգչախմբային կատարողական արվեստի նոր բարձունքի է հասցրել Բարսեղ Կանաչյանի հիմնած «Գուսան» երգչախումբը:

1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից հիմնադրված Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ճանաչվելով Հայաստանի հեղինակավոր կատարողական կոլեկտիվ և 2009 թ. ստացել է պետական կարգավիճակ, վերանվանվելով Երևանի պետական կամերային երգչախմբի (ԵՊԿԵ):

2000թ. Գլենդելում կայացած 3-րդ ամենամյա հայկական երգի մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն ավանդական ալբոմ» մրցանակը շնորհվել է Երևանի պետական կամերային երգչախմբի «Կոմիտաս Վարդապետի երգերը» սկավառակին: Երգչախմբի` Թոփիկյանի դիրիժորությամբ շատ ձայնագրություններ արխիվացված են Հայաստանի հանրային ռադիոընկերության ֆոնդում:

2012թ.-ից ղեկավարել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցչական կազմից բաղկացած «Սեբաստացիներ» երգչախումբը։ Երգչախումբը հանդես է գալիս գործող և խոնարհված եկեղեցիներում, այլ հուշարձանների և թանգարանների տարածքներում, գյուղական, քաղաքային հրապարակներում, համերգային դահլիճներում՝ նպաստելով մանկավարժական երգչախմբերի ստեղծմանը։

Մաեստրո Հարություն Թոփիկյանը հաճախակի համագործակցել և նպաստել է երիտասարդ ժամանակակից կոմպոզիտորների խմբավարական ստեղծագործությունները ներկայացնելուն։ Արվեստում ունեցած իր նշանակալի ներդրման համար Թոփիկյանը բազմիցս արժանացել է պետական պարգևների՝ ՀՀ Վարչապետի հուշամեդալի, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալների, Երևանի քաղաքապետարանի «Երևան» մեդալի:

2013 թ. մաեստրո Թոփիկյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում:

2014 թ․-ից «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։

94