Արաբական Միացյալ Էմիրությունները սահմանազատման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը համարում է նշանակալի քայլ, որը կարող է ամրապնդել երկխոսության կամուրջներն ու նպաստել կովկասյան տարածաշրջանում կայունությանը:

Հայտարարությունը հրապարակվել է ԱՄԷ–ի արտաքին գործերի նախարարության կայքում:

Հայտարարությամբ մասնավորապես նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի տարածքում սահմանների սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ համաձայնությունը: ԱՄԷ-ն հետևում է երկու երկրների միջև վստահության կառուցման և խաղաղության ամրապնդման զարգացող գործընթացին։ ԱՄԷ-ն հույս է հայտնում, որ այս նշանակալի քայլը կամրապնդի հաղորդակցության և երկխոսության կամուրջները և կնպաստի կովկասյան տարածաշրջանում կայունության և կառուցողական համագործակցության խթանմանը:

Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղն ընդգծել է, որ ուղղակի հաղորդակցության միջոցով հաստատված այս դրական զարգացումը կարևոր քայլ է դեպի համապարփակ խաղաղության համաձայնագիր, որը կխթանի զարգացումն և խաղաղությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Պետական նախարարը նշել է, որ դա օգուտ կբերի երկու երկրներին և ժողովուրդներին:

Պետական նախարար Ահմեդ բեն Ալի Ալ Սայեղը նշել է, որ ԱՄԷ-ն սերտ և նշանակալի կապեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա ընդգծել է երկրի հանձնառությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման հարցում՝ միաժամանակ ընդգծելով կամուրջներ կառուցելու և համագործակցություն ու երկխոսություն խթանելու կարևորությունը տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու տեսանկյունից:

 

216