Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ին (Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպություն): Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

 

«Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը կառույցին անդամակցելու հայտը ներկայացրել է կազմակերպության նախագահին: Հայտում Գրիգորյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության ներկա վիճակը, նախատեսված բարեփոխումների ծրագրերն ու ուղղությունները, դրանց ընթացքը, կազմակերպությանն անդամակցելու ակնկալիքները:

 

EuroPris-ի տնօրենների խորհրդում Քրեակատարողական ծառաության՝ կազմակերպությանն անդամակցելու հայտն ընդունվել է միաձայն:

 

Կառույցին անդամակցում են Եվրոպայի խորհրդի տարածաշրջանի 39 անդամ երկրների քրեակատարողական մարմիններ, որոնք ստեղծել են լավագույն փորձի փոխանակման լայն ցանց: EuroPris-ին անդամակցությունը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը կտա մի շարք առավելություններ, ներառյալ՝ Եվրոպական համայնքի բանտային մասնագետների և ղեկավարների շրջանում միջազգային կապեր հաստատելու հնարավորություններ, EPIS (Եվրոպական բանտային տեղեկատվական համակարգ) և KMS (գիտելիքների կառավարման համակարգ) առանցքային ռեսուրսների տվյալների բազաների հասանելիություն, բանտային համապատասխան թեմաների վերաբերյալ փորձագիտական խմբերում ակտիվ մասնակցություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

209