«Իմ Քայլը» հիմնադրամի առաքելության առանցքում մարդկային կապիտալի զարգացումն է՝ մարդուն գիտելիք և հմտություն տալու առաջնահերթությամբ, իսկ մարդկային կապիտալի զարգացման գործում նշանակալի դերակատարություն ունեն հանրակրթական դպրոցները: Որակյալ կրթություն ապահովելու համար Հիմնադրամը կարևորում է դպրոցների տեխնիկական հագեցվածությունը և մշապես ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:

Մոնակոյում գործող «Երեխաներ և ապագա» ասոցիացիայի հետ համագործակցության արդյունքում «Իմ Քայլը» հիմնադրամը Newline ինտերակտիվ դիսփլեյներ է նվիրաբերել «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու Գորիսի Ա․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցին և Շաղաթի միջնակարգ դպրոցին: Հանրակրթական դպրոցներում ինտերակտիվ դիսփլեյների առկայությունը մեծապես նպաստում է կրթական գործընթացի արդիականացմանը և դասապրոցեսի կազմակերպումը դարձնում է ավելի արդյունավետ և հետաքրքիր:

«Հորիզոններ» ծրագիրն իրականացվում է Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 9 դպրոցներում «Ագրոտեխնոլոգիա» բաղադրիչով: Սեպտեմբերից ծրագիրը կընդլայնվի և կներդրվի ևս 6 դպրոցներում, իսկ ծրագրի շահառու դպրոցներին ինտերակտիվ դիսփլեյների նվիրաբերումը կկրի շարունակական բնույթ:

Նախորդ տարի էլ «Երեխաներ և ապագա» ասոցիացիայի ֆինանսավորմամբ ջերմատուն էր կառուցվել «Հորիզոններ» ծրագրի շահառու Ամբերդի Հ․ Նավասարդյանի անվան միջնակարդ դպրոցում:

389