ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 2024 թվականի հունիսի 22-ին 66 տարեկանում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում վաստակաշատ դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Լալա Մնացականյանը սովորել է Երևանի թիվ 78 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը։

Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։

140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր է։

Կոչումներ և մրցանակներ.

2004 թվականին Լալա Մնացականյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։

2006 թվականին՝ Լալա Մնացականյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը, իսկ երկու տարի անց՝ 2008 թվականին, նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։

Լալա Մնացականյանը գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն է։

Դերերը թատրոնում.

Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ

• 1975 - Սմերալդինա՝ Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»

• 1976 - Օգյուստինա՝ Ռ. Թոմաի «Ութ Սիրագորով կանայք»

• 1978 - Գիզա՝ Ռ. Լոտարի «Արքա Առլեքին»

Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն

• 1979-1980 - Ռոզալիա Պավլովնա՝ Վ. Մայակովսկու «Փայտոջիլ»

• 1979-1980 - Մեզալյապսովա՝ Վ. Մայակովսկու «Բաղնիք»

• 1979-1980 - Գերտրուդ՝ Ա. Սաստրեիի «Վիլհեմ Թելի թախծոտ աչքերը»

• 1979 - Պոլի Փիչըմ՝ Բ. Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»

• 1979-1980 - Սոնյա՝ Ա. Չեխովի «Քեռի Վանյա»

• 1980 - Լիկա՝ Ա. Զուրաբովի «Երկու քույր»

• 1984 - Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

• 1982 - Արմինե՝ Ժ. Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը»

• 1982 - Անահիտ՝ Գ. Սարգսյանի «Հորովել»

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն

• 1983 - Մարինա՝ Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս»

• 1985 - արքայադուստր՝ Ս. Մարշակի «12 ամիս»

• 1986 - հաղորդավար՝ Մ. Շատրովի «Կապույտ նժույգներ կարմիր խոտի վրա»

• 1987 - Նիննուչա՝ Է. դե ֆիլիպոի «Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը»

• 1989 - Լիզա՝ Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները»

• 1991 - Սորրենտինո՝ Ջ. Մառոտտաի և Բ. Ռանդոմեի «Այրիներ սփոփողը»

«Մետրո» թատրոն

• 1995 - Էվա՝ Ա. Նիկոլայիի «Սեր մինչ ի մահ»

• 1995-1996 - Մերի՝ Ա. Աղասարյանի «Ուիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ»

• 1997-1998 - Էսթեր՝ Ժ. Պ. Սարտր «Դռնփակ»

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն

• 2004 - Գրացիելլա՝ Գ. Գ. Մարկեսի «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում

• 2009 - Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն

• 2012 թ. - մայր՝ Կ. Չապեկի «Մայրը»

Հեռուստաթատրոն

• 1982-1983 - Լուսիկ՝ Հ. Պարոնյանի «Բարսեղ աղան և ուրիշները»

• 1983 - Ոստիկան՝ Լ. Միրիջանյանի «Քաջ Նազար»

• 1984 - Ժանեթ՝ Ի. Դրուցեի «Հանուն հողի և արևի»

• 1984 - Մերի՝ Ջեքսոնի «Աստված մեզ օգնական»

• 1984 - Մաշա ՝ Վ. Արրոի «Տեսեք ով է եկել»

• 1984 - Վարյա ՝ Ա. Կազանցևի «Անտոնը և ուրիշները»

• 1986 - Հասմիկ՝ Ա. Այվազյանի «Արալեզ»

• 1989 - Նարգիզ՝ Ա. Ահարոնյանի «Թթխմոր»

• 1994 - Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»

Ռադիոթատրոն

• 1983 - Հասմիկ՝ Դ. Լալայանցի «Արիության բարձունք»

• 1983 - Աննա՝ Հ. Քոչարի «Անտառի փեսացուն»

• 1983 - Նենե՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»

• 1984 - գլադիատոր՝ Խ. Չալիկյանի «Անծանոթ աղջիկը»

• 1984 - Դուլսինեա Տոբոսսկայա՝ Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»

• 1986-1987 արքայազն՝ Մ. Տվենի «Արքայազն ու աղքատը»

• 1991 - Սուոն՝ Վ. Սարոյան «Համարյա ծիծաղելի պատմություն»

Հաղորդաշարեր

• 1992-1997 - Երգիծական մանրապատումներ և հումոր

• 1992-1997 - Ձայն Մեծաց

Ֆիլմեր

• 1984 - Մանուկով աղախին - «Ձիավոր, որին սպասում են»

• 1992 - Ուսուցչուհի - «Ընկեր Փանջունի»

• 2015 - «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»

• 2015 - «Ճամբարում»

• 2020 - «Պապա»

• 2022 «Manyunya»

Հեռուստաֆիլմեր

• 1996 - Լալա «Մեր բակը 1»

• 1997 - ծաղկավաճառ «Սիրված երգեր 1»

• 1998 - սրճարանի տիրուհի «Սիրված երգեր 2»

• 2005 - Լալա «Մեր բակը 3»

• 2015-2016 «Ընտանյոք հանդերձ» սիթքոմ

• 2017 -2018 - «Բացի՛ր աչքերդ»

• 2017-2018 - «Ոսկե դպրոց» սիթքոմ

• 2021 Լալա - «Մեր բակը 25 տարի անց»

• 2021 - «Անավարտ ճանապարհ»

• 2022 - «Հյուրերն անցյալից»

Բեմադրություններ

Ներկայացումներ

• 2000 - «Հեքիաթները», Հ. Թումանյան, Հանրային հեռուստատեսություն

• 2001 - «Շղթայված Պրոմեթևսը», Էսքիլոսի համանուն ողբերգության

• 2002 - «Ամբողջ կյանքում գնում ենք մի խուրձ խոտի ետևից» երաժշտական ֆարս, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն

• 2007 - «Զվարճալի մանրապատումներ», Հ. Պարոնյան, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն

• 2012 - «Մայրը», Կ. Չապեկ, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն

Հեռուստատեսային հեղինակային ծրագրեր

• 1997 - «Էլ դու սուս» երգիծական ծրագիր

• 1998-2001 «Ինչ կա չկա» զվարճալի երաժշտական ծրագիր

• 2002-2003 «Լալա ընդ Հարութ» երգիծական ծրագիր

• 2004-2007 «ՇարունակԷլի» զվարճալի ֆիլմեր

«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես

• 2008 - «Էդքան էլ ճիշտ»

• 2008 - «Վարպետն ու Մարգարիտան»

• 2009 - «Թաքնված տաղանդը»

• 2010 - «Ֆուտբոլը»

• 2011 - «Նվերը»

425