Հայաստանի հավաքականը ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում 8 մեդալ է նվաճել և 91 երկրների ցանկում գրավել 14–րդ հորիզոնականը։ Տեղեկությունը  հայտնում են ՀՀ կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Հայաստանի հավաքականից վերջինը կուրաշ մարզաձևում հանդես է եկել Նարեկ Հակոբյանը (60 կգ) և դարձել բրոնզե մեդալակիր։ Այսպիսով Հայաստանն ունի 1 ոսկի և 7 բրոնզ»,– նշել են գերատեսչությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք հայ ուշուիստներ` Ժիրայր Պետրոսյանը (52 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ) և Դավիթ Վարդանյանը (65 կգ), բրոնզե մեդալներ են նվաճել ԲՐԻԿՍ-2024-ի խաղերում:

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Գոռ Ներսիսյանը զբաղեցրել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի: ԲՐԻԿՍ մարզական խաղերում Հայաստանը ևս երկու բրոնզե մեդալ է նվաճել սամբո մարզաձևից: Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանն ու 98 կգ քաշային Արսեն Խանջյանը:

Նշենք, որ ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն անցկացվել են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։
Ծրագրում ընդգրկված էր 27 մարզաձև, որոնց մրցումներն անցկացվում էին Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվեց մեդալների 387 հավաքածու: Առաջին հորիզոնականում ՌԴ հավաքականն է, որը վաստակել է 262 ոսկե, 141 արծաթե և 99 բրոնզե մեդալներ։ Երկրորդ հորիզոնականում Բելառուսի հավաքականն է, որը վաստակել է 55 ոսկե, 85 արծաթե և 107 բրոնզե մեդալներ։ Լավագույն եռյակը եզրափակում է Չինաստանի հավաքականը, որը վաստակել է 20 ոսկե, 24 արծաթե և 18 բրոնզե մեդալներ։

249